news-details
Քաղաքականություն

Ի՞նչ կենսագրություն ունի Տեր Առաքել արք․ Քարամյանը, նա ևս միացել է Կաթողիկոսին հեռացնելու պահանջին

ArmLur.am-ը ներկայացնում է բոլոր այն բարձրաստիճան հոգևորականներին՝ եպիսկոպոսներին ու արքեպիսկոպոսներին, որոնք հանդիպում են ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ և միացել վերջինիս այն պահանջին, որ Կաթողիկոսը պետք է հեռանա։

Այդ բարձրաստիճան հոգևորականներն են՝ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, Տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Տեր Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը, Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը։

ArmLur.am-ն այժմ ներկայացնում է Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի կենսագրությունը։

1996 թվականից Կոտայքի թեմը առաջնորդում է Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը։ Արքության պատվի (արքեպիսկոպոս) արժանացել է 2014 թվականին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական կոնդակով։ Եպիսկոպոս ձեռնադրվել է 1997 թվականին՝ ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի։

1994 թվականին ստացել է մասնավոր վարդապետության 4 աստիճաններ՝ Տեր Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի կողմից։ Թեզը՝ «Առաքել Սյունեցու «Ամենայն չար տանջելի է»»։

1989 թվականին կուսակրոն քահանա է ձեռնադրվել Տեր Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի ձեռամբ։ 1988 թվականին կարգվել է սարկավագ՝ ձեռամբ Տեր Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանի։

Արժանացել է մի շարք պարգևների ու կոչումների։ Պարգևատրվել է «Քննչական գլխավոր վարչության 50-ամյակի» շքանշանով, «Օրենքի պատվար» շքանշանով, «Անդրանիկ Օզանյան» շքանշանով, արժանացել է ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի պատվավոր քաղաքացու կոչմանը, ՀՀ ոստիկանության «Համագործակցության համար» շքանշանին, Արցախի ազատության պայքարում կատարած հատուկ ծառայությունների համար՝ «Մայրական երախտագիտության» շքանշանին, ինչպես նաև «Ոստիկանության 100-ամյակ» հոբելյանական մեդալին։

Նշենք նաև, որ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը ծնվել է 1964 թվականի հուլիսի 20-ին՝ Մարտունիի Երանոս գյուղում։ Սովորել և ավարտել է Երանոսի միջնակարգ դպրոցը, ապա ուսումը շարունակել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի բանասիրական բաժնում՝ հեռակա ուսուցմամբ։ 1980–1987 թվականներին սովորել է Գևորգյան հոգևոր ճեմարանում։

1982–1984 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում։