Երեկ՝ մայիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:50-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և Երևանի քրեական վարչությունում, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կոմիտասի պողոտայից 2 քաղաքացիներ դանակահարված վիճակում տեղափոխվել են հիվանդանոցներ՝ մեկը՝ Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ, մյուսը՝ Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոցներ են մեկնել քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության և Արաբկիրի ոստիկանության բաժնի ծառայողները։
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները գտնվում են վիրահատարանում և ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։
Պարզվել է, որ Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ է տեղափոխվել Երևանի բնակիչ 29-ամյա Կարապետ Ե.-ն՝ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած թափածակող վերք հարցականով» ախտորոշմամբ, իսկ Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել Երևանի բնակիչ 30-ամյա Կարեն Ե.-ն՝ «գլխի վնասվածք ԳՈւՎ հարցականով, պատռած վերք» ախտորոշմամբ։
Դեպքի վայրում ոստիկանները ու պարեկները հայտնաբերել են վթարված Mercedes G63 մակնիշի ավտոմեքենա, որից մոտ 80 մետր ներքև՝ արագաչափի հարևանությամբ՝ դարձյալ վթարված Opel մակնիշի ավտոմեքենա։ Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Աղբյուրի տեղեկություններով, նշված վայրում տեղի է ունեցել վթար, որն այնուհետև վերածվել է վիճաբանության, ապա՝ ծեծկռտուքի, իսկ վիրավորներից մեկի ոտքին եղել է պրոբացիոն ծառայության կողմից տեղադրված հատուկ օղակ։