news-details
Քաղաքականություն

Մայր Աթոռը Հայաստանի տարածքում է, իսկ Հայաստանում իրավապահների քննության համար փակ տարածք չկա

Լրագրողներն այսօր խորհրդարանում հարց ուղղեցին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանին՝ հետաքրքրվելով մամուլում շրջանառվող տեղեկություններից, ըստ որոնց՝ Մայր Աթոռում իրավապահները գործողություններ են պլանավորում իրականացնել:

Պատգամավորը նկատեց՝ եթե այնտեղ կա հանցագործության հետ առնչվող ինչ-որ փաստ, բնականաբար, կարող են լինել, իսկ եթե չկա հանցագործության հետ կապված քննության անհրաժեշտություն, բնականաբար պետք չէ, որ լինի:

«Մայր Աթոռը Հայաստանի Հանրապետության տարածքի մեջ է:  ՀՀ-ում իրավապահների քննության համար փակ տարածք չկա»,- ասաց Ալեքսանյանը:

Դիտարկմանը ի պատասխան, թե ինչ շարժում է լինելու, որն առաջնորդելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատգամավորն ասաց, թե դրա մասին լրացուցիչ կհայտարարվի:

«Այսինքն՝ տեռորիզմն օրհնող ու դրա մեջ մինչև ականջները թաթախված անբարոյականները պետք է դադարեն իրենց ներկայությամբ պղծել մեր եկեղեցին»,- նշեց նա՝ հավելելով, թե միայն այն, որ հոգևորականը կարող է ասել՝ երկու հոգու պատի տակ «գյուլլում» ես, ընտանիքին փոխհատուցում ես տալիս, ու ընտանիքը երախտապարտ է լինում, բավական է ասել, որ նրանք իրենց ներկայությամբ պղծում են եկեղեցին: 

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս է պատրաստվում շարժումը կաթողիկոսին հանել Մայր Աթոռից, ինչին ի պատասխան՝ նա պարզաբանեց՝ հարցը ոչ թե կաթողիկոսին հանելու մասին է, այլ վեհարանում վեհափառ ունենալու մասին:

«Որովհետև այս պահին վեհարանում վեհափառ չկա: Ես իմ վստահությունն եմ հայտնում, որ ժողովրդի բացարձակ մեծամասնությունը նման անունով մարդու կաթողիկոս չի ճանաչում»,- ընդգծեց Ալեքսանյանը: 

Ճշտող հարցին՝ ինչո՞ւ է պատգամավորը նման պնդում անում, Ալեքսանյանը պարզաբանեց՝ իր կարծիքը ձևավորվել է բազմաթիվ քաղաքացիների հետ շփումների ու հազարավոր քաղաքացիների նամակների ու գրառումների հիման վրա: