news-details
Քաղաքականություն

«Նոր ուժ» կուսակցությունը ընտրությունների մասնակցության մասին փաստաթղթերը ներկայացրել է ԿԸՀ

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած «Նոր ուժ» կուսակցությունը ընտրությունների մասնակցության մասին դիմումը և եւ թեկնածուների գրանցման անհրաժեշտ փաստաթղթերը այսօր՝ ապրիլի 23–ին, ներկայացրել է ԿԸՀ:

Կուսակցության ներկայացուցիչներից Հակոբ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենց ցուցակում ընդգրկված է 87 անձ։ «Ցուցակը գլխավորում է կուսակցության նախագահ Հայկ Մարությանը, երկրորդ տեղում ես եմ, երրորդ տեղում Երևանի ավագանու անդամ Նարե Արամյանն է»,-ասաց նա։

Այսպիսով իրենց փաստաթղթերը ԿԸՀ ներկայացրած ուժերի թիվը հասավ 14-ի։

Նշենք, որ այսօր ժամը 18-ին լրանում է ԱԺ հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող քաղաքական ուժերի գրանցման համար փաստաթղթերի՝ ԿԸՀ ներկայացնելու վերջնաժամկետը:

Այս պահի դրությամբ իրենց փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացրել հետևյալ քաղաքական ուժերը.

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը,

ԲՀԿ-ն,

Հայաստանի շնորհապետական կուսակցությունը,

«Բոլորին դեմ եմ»  ժողովրդավարական կուսակցություն,

«Ուժեղ Հայաստան» դաշինք,

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն,

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն,

«Միասնության թևեր»,

Ազգային ժողովրդավարական բևեռ համահայկական կուսակցությունը,

«Հայաստան» դաշինքը,

«Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցությունը,

Հայ ազգային կոնգրեսը,

«Հանրապետություն» կուսակցությունը,

«Նոր ուժ» կուսակցությունը։

Հիշեցնենք, որ ընտրական ցուցակների գրանցումը կկատարվի մինչև մայիսի 3-ը, այսինքն՝ փաստացի մայիսի 4-ին վերջնականորեն պարզ կլինի, թե քանի քաղաքական ուժ է ստացել ընտրություններին մասնակցելու իրավունք: Պաշտոնապես բոլոր ցուցակները ԿԸՀ կայքում կհրապարակվեն մինչև մայիսի 6-ը:

Նախընտրական քարոզչությունն սկսվելու է մայիսի 8-ից և կշարունակվի մինչև հունիսի 5-ի ժամը 24:00-ն: