news-details
Քաղաքականություն

Պատկերացնում եմ՝ որքան եք հիշել մեզ խցանումների մեջ, ուզում եմ խնդրել ձեր ներողամտությունը. Ավինյան

Երթևեկության փոփոխությունները գուցե առաջացրել են անհարմարություններ, սակայն դրանք անհրաժեշտ են քաղաքի ապագա տրանսպորտային կայունության համար։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Սիրելի՛ երևանցիներ, պատկերացնում եմ՝ որքան նյարդայնացնող են այս բոլոր փոփոխությունները և որքան եք դուք մեզ հիշել, երբ կանգնած եք եղել խցանումների մեջ։ Բայց ուզում եմ խոսենք այն մասին, թե առհասարակ ինչու են այս փոփոխությունները արվում և ինչու են արվում հիմա»,- ասաց քաղաքապետը։

Նրա խոսքով՝ ամառային շրջանը լավագույն ժամանակն է նման փոփոխությունների համար, քանի որ փողոցներում երթևեկությունն այդքան ինտենսիվ չէ, և հնարավոր է անցում կատարել նոր համակարգի՝ նվազագույն անհարմարություններով։

«Հիմնական նպատակն այն է, որ հանրային տրանսպորտով երթևեկող քաղաքացիներին տանք առավելություն։ Երբ ավտոբուսը կարողանում է արագ ու անարգել երթևեկել, քաղաքում մարդկանց մեծ զանգված ավելի արագ է տեղաշարժվում։ Եվ այո, մի փոքր դժվարություններ առաջանում են անձնական մեքենաների համար, բայց դա ժամանակավոր է։ Մենք ունենք գործիքներ, որոնց միջոցով հնարավոր է նաև այդ հոսքերը կառավարել այնպես, որ մեքենաներն էլ չկանգնեն անընդհատ»,- շեշտեց Ավինյանը։

Քաղաքապետը հիշեցրեց, որ յուրաքանչյուր ավտոբուս կարող է տեղափոխել նվազագույնը 60 ուղևոր, մինչդեռ մեկ մեքենայում միջինում նստում է 1.2 մարդ։ «Այսինքն՝ մեկ ավտոբուսը գրեթե 60 մեքենայի համարժեք է, և տրամաբանական է, թե ինչու ենք այս ճանապարհով գնում»,- նշեց նա։

Եզրափակելով՝ Ավինյանը հավելեց. «Ուզում եմ ձեր ներողամտությունը խնդրել՝ այն ծախսված նյարդերի համար, որոնք խցանումների մեջ դուք ծախսել եք։ Բայց վստահ եղեք՝ մենք ամեն օր աշխատում ենք այնպես, որ նույնիսկ ավտոմեքենաների համար հնարավոր լինի ապահովել անընդհատ երթևեկություն»։