Armlur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել երեկ Պռոշյանում հնչած կրակոցների պատճառների մասին։
Մասնավորապես, կրակոցից առաջ, օգոստոսի 13-ին, տեղի է ունեցել խնջույք, որին մասնակցել է Մամիկոն Դավթյանը։ Խնջույքի ընթացքում մասնակիցների միջև ծագել է վիճաբանություն, որի ժամանակ ծեծի են ենթարկել Անդրանիկ Կիրակոսյանին։
Հաջորդ օրը՝ օգոստոսի 14-ին, միջադեպի մասնակիցները պայմանավորվել են հանդիպել Երևան–Աշտարակ գլխավոր ավտոճանապարհի դեպի Պռոշյան գյուղ տանող կամրջի տակ՝ պարզաբանելու, թե ով ում է ծեծել։
Արդյունքում հանդիպում-պարզաբանումը ճակատագրական է դարձել Մամիկոն Դավթյանի համար․ նա վիրավորվել է և այսօր մահացել հիվանդանոցում։
Ավելին, լուրեր կան, որ կրակոցների գործով անցնում է հայտնի գեներալի որդին։
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ի առավոտյան կրակոցներ էին հնչել Կոտայքի մարզում՝ «Չաղ Ռուստամ» մականվամբ քրեական հեղինակության տան մոտ գտնվող կամրջի տակ։ Մեր թղթակիցը տեղեկացնում է, որ եղել է երկու վիրավոր։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վիրավորներից մեկը Պռոշյանի բնակիչ, 24-ամյա Մամիկոն Դավթյանն է, ով երբեք քրեական պատմությունների մեջ չի եղել և համարվում էր գյուղի համեստ ու առաքինի բնակիչ։ Շատերը զարմացած են, թե ինչու և ով կարող էր կրակել նրա վրա։ Նրա ընտանիքը ևս միշտ ապրել է արդար քրտինքով վաստակած հացով։
Shamshyan.com-ը քիչ առաջ հայտնեց, որ կրակոցների հետևանքով վիրավորված Մամիկոն Դավթյանը մահացել է։