news-details
Քաղաքականություն

Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ «Սարխան» ծածկանունով Սարգիս Գալստյանը տարիներ շարունակ լրտեսnւթյուն է իրականացրել Ադրբեջանի օգտին․ մանրամասներ նրա գործից

Շուշիի նախկին փոխքաղաքապետ, Լեռնային Ղարաբաղի ռազմահայրենասիրության նախարարության աշխատակազմի ղեկավար, նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ԱԱԾ հետախուզության սպա, նույն ինքը՝ Սարգիս Գալստյանը, Ադրբեջանի օգտին լրտեսություն իրականացնելու մեղադրանքով պատիժն արդեն կրում է Արթիկի բանտում: Գալստյանի գործով դատական որոշումն ուժի մեջ է մտել նախորդ ամիս և նա օրերս տեղափոխվել է պատժի կրման վայր: Այս մասին գրում է Ազատությունը։

Նախ առաջին ատյանի, ապա Վերաքննիչ դատարանները ապացուցված են համարել, որ «Սարխան» ծածկանունով Սարգիս Գալստյանը, 2018-ից սկսած բարձր պաշտոններ զբաղեցնելով, տարիներ շարունակ լրտեսություն է իրականացրել Ադրբեջանի օգտին:

Դատական գործի նյութերի համաձայն, Գալստյանը 2020 թվականի նոյեմբերին կապ է հաստատել օտարերկրյա պետության հատուկ հետախուզության ծառայության աշխատակցի հետ, ումից էլ ստացել է լրտեսություն կատարելու հանձնարարություն: Գալստյանը տվել է իր համաձայնությունը, այդ կերպ հավաքագրվել է հետախուզական ծառայության կողմից, որից հետո էլ ստացել է ադրբեջանական «Սարխան» ծածկանունը:

Ավելի քան մեկ տարի տևած դատավարության նյութերից տեղեկանում ենք, որ Գալստյանը 2020-2023 թվականների ընթացքում, հավաքել և WhatsApp-ի ու բջջային այլ հավելվածների օգնությամբ՝ նամակագրության, զանգերի միջոցով՝ հատուկ ծառայության աշխատակցին է հանձնել «Արցախում գտնվող բնակչության կարիքների, անգամ սննդի առկայության մասին տեղեկություններ, նաև թե ինչ տրամադրություններ կան արցախահայերի շրջանում»:

Գալստյանը, ըստ գործի նյութերի, նաև մանրամասներ է փոխանցել ղարաբաղյան հարցի կապակցությամբ Հայաստանի և Արցախի իշխանության ներկայացուցիչների դիրքորոշումների, նրանց միջև եղած հակասությունների մասին, 2023 սեպտեմբերին՝ ադրբեջանական ագրեսիայի ժամանակ Հայաստանի կողմից հնարավոր ռազմական աջակցության, բնակչության զինվածության, հնարավոր դիմադրության և նման բնույթի այլ տեղեկություններ: Գալստյանի լրտես լինելու մասին խոսակցությունները Հայաստանում սկսվեցին այն բանից հետո, երբ հայաթափումից հետո նա որոշեց կնոջ՝ Մարգարիտայի հետ մնալ Ստեփանակերտում:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։

Նյութի աղբյուր՝ https://www.azatutyun.am/a/33624764.html