news-details
Հասարակություն

«Սերը կրոնի պես է. այն գաղափարը, որ նա կա, ինձ օգնում է հուսալ»․ այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է

Աշխարհահռչակ ֆրանսահայ երգիչ, երգահան, գրող եւ հասարակական գործիչ Շահնուր Ազնավուրյանը՝ նույն ինքը Շառլ Ազնավուրը, ծնվել է այսօր՝ մայիսի 22-ին:

Ազնավուրը ծնվել է 1924 թվականին Փարիզում՝ հայ գաղթականների ընտանիքում։ Նրա ծնողները՝ Միշան եւ Քնարը, գաղթել էին Արեւմտյան Հայաստանից Հայոց ցեղասպանության տարիներին։ Նախ ապաստանել էին Հունաստանում, որտեղ էլ ծնվել էր Ազնավուրի քույրը՝ Աիդան, այնուհետեւ տեղափոխվել էին Ֆրանսիա՝ ի սկզբանե հուսալով հասնել Ամերիկա, բայց Փարիզն ի վերջո դարձավ նրանց մշտական բնակության վայրը։

ArmLur.am-ը ներկայացնում է մեծ երգահանի կյանքի ու ստեղծագործության ուշագրավ ճանապարհը:

Շառլն ու Աիդան փոքր տարիքից սովորում էին թատերական դպրոցում եւ հանդես գալիս բեմում։ Շառլն ինը տարեկանից սկսեց խաղալ տարբեր ներկայացումներում՝ հաճախ նաեւ պարային համարներով։ Նրանք մասնակցում էին տեղական մրցույթների, հաղթում էին եւ օգնում ընտանիքին ֆինանսական հարցերում։ Շառլը մանկուց աշխատում էր՝ թերթեր էր վաճառում, որպեսզի կարողանա վճարել պարապմունքների համար։ Նրա բեմական առաջին ելույթը կայացավ 1933 թվականին՝ Theatre du Petit Monde-ում։

Ազնավուրի մասնագիտական ուղին սկսեց զարգանալ, երբ նա ծանոթացավ երգահան Ռաուլ Բրետոնի եւ նրա կնոջ հետ։ Նրանց աջակցությամբ ստեղծվեց «Ազնավուր եւ Ռոշ» դուետը, որը փոքր քայլերով սկսեց հանդես գալ ֆրանսիական շոու բիզնեսի միջավայրում։ Այս շրջանում էլ Ազնավուրը ծանոթացավ Էդիթ Պիաֆի հետ, նրա համար երգեր գրեց, ապա դարձավ նաեւ Պիաֆի մենեջերը։ Չնայած նրան հաճախ քննադատում էին ձայնի կամ արտաքինի պատճառով՝ Ազնավուրը կարողացավ հաստատվել որպես ինքնատիպ կատարող։

1956-ից սկսած նա արդեն հանդես էր գալիս միայնակ՝ որպես երգահան-կատարող։ 1960-ականների սկզբին Ազնավուրի երգերը լայն ճանաչում ստացան, միջազգային շրջագայությունները մեծ հաջողություններ ունեցան։ Նյու Յորքի Կառնեգի համերգասրահում ելույթը, ինչպես նաեւ Եվրոպայում, Ամերիկայում եւ Ասիայում ունեցած համերգները դարձրին նրան համաշխարհային աստղ։

Շուտով անձնական կյանքում եւս Շառլը կայունություն գտավ։ 1968 թվականին նա ամուսնացավ Ուլլա Թորսելի հետ։ Ազնավուրը խոստովանել է, որ այս հարաբերությունները օգնել են իրեն հեռու մնալ շահագործող մարդկանցից եւ սահմաններ գծել անձնական կյանքում։

«Սերը կրոնի պես է, – ասում էր Ազնավուրը, – հենց այն գաղափարը, որ նա կա, ինձ օգնում է հուսալ: Հասարակությանը հաճախ թվում է, որ ես ապրում եմ այն բոլոր զգացումները, ինչ արտահայտում եմ իմ երգերում: Եթե ես ապրած լինեի այդ բոլորը, ապա հիմա իմ մազերը սպիտակած կլինեին, իսկ ես ծեր, շատ ծեր կլինեի: Ես միայն փորձում եմ մարմնավորել իմ հերոսներին: Ես արտահայտում եմ ոչ թե իմ, այլ նրանց հուզող հարցերը: Ես ապրում, սիրում, տխրում եմ նրանց հետ, դառնում նրանց էությունը»:

Չնայած անդադար շրջագայություններին, երբեմն ծագող ընտանեկան ու աշխատանքային խնդիրներին՝ այս տարիների ընթացքում Հայաստանն ու հայերը մշտապես Ազնավուրի սրտում էին: Ինչպես ինքն էր բնութագրում իրեն՝ «Ես կիսով չափ հայ եմ եւ կիսով չափ ֆրանսիացի»:

1988-ի Սպիտակի երկրաշարժը կարեւոր փուլ դարձավ նրա հասարակական գործունեության մեջ։ Շառլն անմիջապես արձագանքեց՝ այցելելով Հայաստան եւ նախաձեռնելով «Ազնավուրը Հայաստանի համար» բարեգործական հիմնադրամը։ 1989-ին նա նախաձեռնեց «Pour toi Armenie» («Քեզ համար, Հայաստան») երգի ստեղծումը՝ 90-ից ավելի արտիստների մասնակցությամբ, որի հասույթը ամբողջությամբ տրամադրվեց երկրաշարժից տուժածներին։

Հայաստանը բարձր գնահատեց նրա գործունեությունը. 2004-ին նրան շնորհվեց Ազգային հերոսի կոչում, 2008-ին՝ ՀՀ քաղաքացիություն։ 2009-ից Շառլ Ազնավուրը նշանակվեց ՀՀ դեսպան Շվեյցարիայում եւ միաժամանակ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ։

Ազնավուրը բազմաթիվ համարձակ ելույթներ էր ունենում հայկական հարցի վերաբերյալ՝ Շվեյցարիայում հայաստանի դեսպան աշխատելու տարիներին: 2012-ին իր անդրադարձներից մեկում նա գրում է,  «Ես արդեն հոգնել եմ այս ամենից: Մենք երբեք չենք շահի գործը: Մեր թշնամիները սպասում են, որ բոլոր նրանք ովքեր դեռ հիշողություն ունեն մահանան, եւ այդպիսով կարողանան այս խնդրից դուրս գալ: Ո՞ր երկիրն է պաշտպանում հայ դատը, ոչ մեկը: Ոչ մի երկիր մեզ ընդառաջ չի գալու երբեք: Այս ու՞ր ենք գնում, եւ այս ընթացքում Հայաստանը տառապում է: Օր օրի Հայաստանը դատարկվում է: Շատ չի անցնի, երբ Հայաստանը կդառնա դատարկ խեցի: Եվ այսքանից հետո ոմանք դեռ կենտրոնացած են ցեղասպանություն բառի վրա՞, որը Թուրքիան վիճարկում է: Ես քաղաքականությունից շատ բան չեմ հասկանում, բայց մի բան հաստատ գիտեմ, մենք ունենք մի դժբախտ երկրի փոքր կտոր, որը երկրորդ անգամ է մեռնում: Իսկ մարդիկ դեռ տերմիններից են խոսում»:

Ազնավուրն այն մարդկանցից էր, ում համար գործելը կենսակերպ էր, դրա համար էլ, չնայած տարիքին ու առողջական դժվարություններին, նա շարունակում էր իր հայանպաստ գործունեությունը: Շառլի եւ որդու՝ Նիկոլա Ազնավուրի կողմից ստեղծված «Ազնավուր» հիմնադրամը մինչեւ օրս էլ շարունակում է իրագործել մեծ երգահանի նախաձեռնած կրթական, մշակութային, հասարակական ծրագրեը։

Հիշեցնենք, որ 2018-ին, երբ Ազնավուրը վատառողջ էր, ի հեճուկս համերգները չեղարկելու պնդումներին՝ կրկին բեմ դուրս եկավ. շանսոնիեի վերջին համերգները տեղի ունեցան Ճապոնիայում՝ 2018 թվականի սեպտեմբերին։

Շառլ Ազնավուրը կյանքից հեռացավ 2018 թ. հոկտեմբերի 1-ին՝ 94 տարեկան հասակում, Ֆրանսիայի հարավ-արեւելքում գտնվող Մուրիես քաղաքի իր սիրելի տանը: