Ակնհայտ է, որ Բագրատ Գալստանյանն («Սրբազան պայքար» շարժման առաջնորդ - խմբ.) արդեն չէր կարողանում միտինգ կազմակերպել, և դա փաստ է: Հիմա ասում են, որ դա միտինգի կազմակերպում է, այլ ոչ թե ահաբեկչություն: Ակնհայտ է լինելու նաև, որ եթե դուք կարդաք այդ 77-էջանոց տեքստը, կտեսնեք, որ խոսքը միտինգի մասին չէ: Ուզում եմ հասկանալ՝ ՀՀ-ում միտինգ կազմակերպելու, մարդկանց հրավիրելու, կազմակերպչական գործ անելու համար երբևէ որևիցե մեկը մտահոգություն ունեցե՞լ է: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Իրենք իրենց ստերի մեջ արդեն խճճվել են ու պատրաստ են ամեն ինչ ասել, նաև ասում են՝ ձայնագրությունները նաև մոնտաժված են: Հիմա ինչ հնարավոր է, իրենք ասելու են, բայց այսօրվա տեխնիկական միջոցներով շատ հանգիստ կարելի է ապացուցել՝ արդյոք դա արհեստական բանականությա՞մբ է ստեղծված, թե ոչ, արդյոք այդ ոզնիները կամ զենքը խաղաղ միտինգ կազմակերպելո՞ւ համար են»,- ասաց Ալեն Սիմոնյանը:
Նրա խոսքով՝ Բագրատ Գալստանյանը և ընդդիմությունն այլևս սպառել էին որևէ քաղաքական գործընթաց փողոցում գեներացնելը:
«Ուզում եմ հասկանամ՝ այն սարկավագը, որն ասում է՝ ուզում եմ Նիկոլին սպանեմ, Ալենին սպանեմ, Արարատին սպանեմ, նա էր կազմակերպիչը քաղաքական, թե այն մնացած մարդիկ էին, ովքեր այսօր որպես մեղադրյալ են անցնում, ո՞ւր են քաղաքական գործիչները, քաղաքական այն միավորները, որ քաղաքական գործը պետք է ասեին, քաղաքական գործընթացը կազմակերպեին:
Հասկացանք, ձեզ թույլ եք տալիս ասելու՝ էս ժողովուրդը խորը անասուն է, բայց մարդիկ կարդալ էլ գիտեն, գրել էլ գիտեն: Ես էլ եմ պայքարել, բայց մենք ո՛չ շշեր ենք ունեցել, ո՛չ պայթուցիկ ու զենք ենք ունեցել»,- նշեց Սիմոնյանը:
Նրա խոսքով՝ որևիցե մեկը լսե՞լ է հստակ բացատրություն այն նախադասության, թե ինչ է նշանակում «երկու հոգի պատի տակ գյուլլում ես, ընտանիքներին էլ փոխհատուցում տալիս, իրենք էլ դրա վրա ուրախանում են»:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ասում են՝ դա թմրամոլներին է վերաբերում, Սիմոնյանը հակադարձեց. «Ոչ մեկին չի կարելի գյուլլել պատի տակ՝ ո՛չ թմրամոլին, ո՛չ հանցագործին: Ոչ ոք դրա իրավունքը չունի, առավել ևս Բագրատը կամ որևիցե մի կերպար: Բա իրենց մոտ ինչի էր թմրամիջոց հայտնաբերվել»: