news-details
Հասարակություն

Ողբերգական ավտովթար՝ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին․ 6 վիրավորից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է. բժիշկները պայքարում են մյուսների կյանքի համար

Shamshyan.com-ը գրում է․

Այսօր՝ հուլիսի 13-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15:50-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 6.5 կմ հատվածում բախվել են «BMW» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, վթարի հարևանությամբ գործող բենզալցակայանի աշխատակիցները և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Սահակյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Ներսիկ Գրիգորյանի, վաշտի հրամանատար Հրաչյա Գևորգյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները։

Վթարի մասին ոստիկանության Սևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սարգիս Մարգարյանի, վարչության պետի տեղակալներ Արման Հովհաննիսյանի, Արթուր Ավագյանի, Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արամ Աբրահամյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Սևանի բաժնի , որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է։

Քննչական բաժինը պարզում է ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը 6 ամսական տղա է։