news-details
Հասարակություն

«Արգամը Ձեզ դրդե՞լ է մարդ սպանել»․ հարց՝ Հովիկ Աբրահամյանի որդու թիկնապահին

Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում տեղի ունեցավ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի թիկնապահ Գեղամ Հակոբյանի գործով դատական նիստը:  Ինչպես հայտնի է օգոստոսի 8-ին կալանավորվեց ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը: Արգամ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել 2023 թվականին Սողոմոն Վլասյանի պատվերով սպանություն կատարելուն դրդելու համար: Քննչական կոմիտեի վարկածով՝ Աբրահամյանը, անձնական վրեժխնդրության շարժառիթով, իր անվտանգության աշխատակից Գեղամ Հակոբյանին հանձնարարել է սպանել Սողոմոն Վլասյանին։ Արգամ Աբրահամյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-155-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով՝ պատվերով սպանություն կատարելուն դրդելու համար:  Արգամ Աբրահամյանի պաշտպանները նրա կալանավորման մասով բողոք էին ներկայացրել վերաքննիչ դատարան, սակայն դատավոր Սևակ Համբարձումյանը մերժել է պաշտպանների բողոքը, ուստի Արգամ Աբրահամյանը կշարունակի մնալ կալանքի տակ: Սպանության ենթադրյալ կատարող Արգամ Աբրահամյանի թիկնապահ Գեղամ Հակոբյանի գործը դեռ 2024 թվականին ուղարկվել է դատարան։Եվ ահա այսօր դատարանում նրան հարցեր ուղղեցինք, թե արդյոք Արգամ Աբրահամյանը դրդել է նրան հոգևոր հովիվին սպանել և, ի վերջո նա է սպանել, թե ոչ, սակայն քրեական ոստիկանները ամեն ինչ անում էին, որ ArmLur.am-ի թղթակցին թույլ չտային նկարահանել մեղադրյալին, որ տնային կալանքի տակ է։