ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Ծափաթաղում 3-ամյա երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Տ.Օ.-ի հայրը վրեժի շարժառիթով 2025 թվականի հոկտեմբերի 27-ին իր մերձավոր ազգական հանդիսացող, անօգնական վիճակում գտնվող, անչափահաս երեխային ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, Ծափաթաղ բնակավայրին հարակից դաշտամիջյան հատվածում ձեռքով կոկորդից սեղմելու եղանակով սպանել է նրան, ապա դիակը դաշտամիջյան տարբեր հատվածներում թաքցնելուց հետո տեղափոխել է Ճամբարակ համայնքի Ջիլ բնակավայր տանող խաչմերուկին հարակից դաշտամիջյան հատված, որտեղ 2025 թվականի նոյեմբերի 2-ին որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում դիակը հայտնաբերվել է:
Կատարվել է դիակի արտաքին զննություն, որի ընթացքում Տ.Օ.-ի մարմնի գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ:
Համաձայն դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ 3-ամյա երեխայի մահը վրա է հասել մեխանիկական շնչահեղձության՝ պարանոցի օրգանների բութ առարկաներով սեղմման հետևանքով:
Ա.Օ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ և 9-րդ կետերով (անօգնական վիճակում գտնվողի, անչափահասի սպանությունը մերձավոր ազգականի կողմից):
Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։