news-details
Հասարակություն

Շաքիում ադրբեջանցու կրակոցից վնասված կնոջ ոտքի ոսկորը փշրվել է, ոտքը պահպանելու խնդիրը դեռ կա

Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջ` Անի Ավետիսյանի առողջական վիճակում փոփոխություն չկա, դեռ առկա է ոտքը պահելու խնդիրը։ Այս մասին 24News-ին հայտնեց Անիի քույրը։

«Երկու օր առաջ վիրահատություն են արել, բեկորներն են մաքրել, որ վարակ չանցնի, բայց ոսկոր ընդհանրապես չկա, փշրվել է, այդ փշուրներն էլ են մաքրել վիրահատության ժամանակ։ Դեռ սպասում ենք, երեք վիրահատություն էլ պետք է անեն։ Ինքը արթուն է, խոսում է»,-ասաց նա։

Երեխան, որին վիրահատել էին, նա ևս դուրս է գրվել հիվանդանոցից․ «Երեխաներից մեկն իմ մոտ է, երկուսը՝ հայրիկի։ Վախեցած են»։

Ավելի վաղ ԱԱԾ-ից հայտնել էին, որ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողն անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրն ու հայտնվել Հայաստանի տարածքում։

Դատախազությունից էլ հայտնել էին, որ հոկտեմբերի 1-ին, ժամը 14:00-ի սահմաններում, Ադրբեջանի զինծառայող Նասիմի Մուսաևն ապօրինի մուտք է գործել Սյունիքի մարզի Շաքի բնակավայրի տներից մեկը, որտեղ հայտնաբերվելուց հետո կրակ է արձակել զենքից։ Կրակոցների հետևանքով հրազենային վիրավորում է ստացել 1987 թվականին ծնված կինը, իսկ նրա երկու անչափահաս երեխաները ստացել են մարմնական վնասվածքներ (դաստակի կոտրվածք և սալջարդ)։

Հիշեցնենք, որ ադրբեջանցին երկու ամսով կալանավորվել է: