Այդ ադրբեջանցին Շաքի գյուղում մի ընտանիք է մտել, տանը մարդ չի եղել, հետո երեխեքը եկել, տեսել են, քնած է, զանգել են ծնողներին։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Շաքի բնակավայրի աշխատակազմի քարտուղարը՝ անդրադառնալով դեպքին, որ ադրբեջանցի զինծառայողը հատել է սահմանը և կրակել Շաքիի բնակիչ հայ աղջկա ոտքին։
«Հետո եկել, տեսել են, ադրբեջանցին փախել է։ Ավելի ուշ իրեն բռնել են, վնասազերծել են, տարել են։ Իրենք տանը չեն եղել, երեխեքը եկել են ինչ–որ բան վերցնելու։ Կինը աշխատանքի է եղել։ Կարծեմ, դա փակ դուռ է։ Ոտքին է կրակել, կինը դանակով ինքնապաշտպանվել է»,–ասաց նա՝ հավելելով, որ այս պահին գյուղում խուճապ չկա. «Դե որ բռնել են, էլ ինչ խուճապ, իսկ կնոջը տարել են հիվանդանոց»,–ասաց նա։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքի Շաքի բնակավայրում այսօր արտառոց դեպք է տեղի ունեցել. Սիսիանի բնակիչներն ահազանգում են, որ իրենց տեղեկություններով արդեն 4-5 օր է՝ սահմանը ադրբեջանցի է հատել, սակայն նրան չեն կարողացել գտնել։ Վերջինս անհայտ հանգամանքներում այսօր կրակել է Շաքիի բնակիչ երիտասարդ աղջկա ոտքին։
«Աղջկա անունը Անի է, հենց Շաքիի բնայիչ է, լավ է, որ վիրավորումը ոտքի հատվածում է։ ԱՄբողջ զորքը էս պահին Շաքիում է, մարդիկ սարսափած են, ահաբեկված»,– NEWS.am-ին պատմեց Շաքիի բնակիչը։
ԱԱԾ–ն այս առնչությամբ հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է. «Սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողը անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը։
Չի բացառվել, որ նա կարող էր ապօրինի հատած լինել Հայաստանի Հանրապետության սահմանը։ Դրանից հետո Հայաստանի և Ադրբեջանի իրավասու մարմիններն իրականացրել են համապատասխան որոնողական աշխատանքներ։
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։15-ին, ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել են ՀՀ քաղաքացու ոտքին։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների օպերատիվ խմբեր։ Ձեռնարկվել են անհետաձգելի միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Պարզվել է, որ հանցագործությունը կատարել է ադրբեջանցի զինծառայողը, որը ձերբակալվել է։
Դեպքի մանրամասները ներկայացվել են նաև ադրբեջանական կողմին։ ՀՀ քննչական կոմիտեում դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ»։