Սեպտեմբերի 26-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 02:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ «Ամառ» ռեստորանային համալիրի մոտ, կրակոցներ են հնչել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, և պարզվել է, որ կրակոցներ արձակողները նշված վայրից այնուհետև «Jaguar» մակնիշի ավտոմեքենայով փորձել են հեռանալ, սակայն ոստիկաններին հաջողվել է նրանց բռնել և խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալել և տեղափոխել ոստիկանության Կենտրոնական բաժին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բերման ենթարկվածներն են Երևանի բնակիչ 22-ամյա Յուրիկ Բադալյանը և Վայոց ձորի մարզի բնակիչ 20-ամյա Աշոտ Արսենյանը։
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների 3-րդ քննչական բաժին։
Գ. Շամշյանի տեղեկություններով բերման ենթարկվածներից Ա. Արսենյանը Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանի եղբոր տղան է։