news-details
Հասարակություն

Անհայտ անձինք, ոստիկանության համազգեստով և դիմակներով, մուտք են գործել Երևանի հյուրանոցներից մեկը. ոստիկանության պարզաբանումը (Video)

Հոկտեմբերի 10-ին` ժամը 4.40-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել էր ահազանգ, որ Երևանի Քեռու փողոցում գտնվող հյուրանոցում, որտեղ վարձակալական հիմունքներով բնակվում են օտարերկրյա քաղաքացիներ, դիմակավորված անձինք են մուտք գործել տարբեր սենյակներ:

Քրեական ոստիկանության փոխանցմամբ՝ պարզվել է, որ անհայտ անձինք, ոստիկանության համազգեստով և դիմակներով, մուտք են գործել հյուրանոցի տարբեր սենյակներ, զենքի սպառնալիքով, ոմանց էլ կապկպելով` հափշտակել են բջջային հեռախոսներ, գումար և դիմել փախուստի:

Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ` բնակարան ապօրինի մուտք գործելով ավազակության հատկանիշներով։

Քրեական ոստիկանությունից հայտնում են, որ ավազակությունը կատարած ինը տղմարդկանցից մեկը մայրաքաղաքի Ֆրրիկի փողոցի բնակիչ է` 41 տարեկան, իսկ մյուսները` օտարերկրացիներ։
Ձեռնարկած միջոցառման շնորհիվ հոկտեմբերի 10-ի երեկոյան երևանցին հայտնաբերվել ու ձերբակալվել է։ Ձերբակալվել են  նաև 38-ամյա հասակակից օտարերկրացիները։

Հանցանք կատարած մյուս օտարերկրացիներից չորսին հայտնաբերվել են  Մեղրիի անցակետում: Շարունակվում են միջոցառումները` հանցանքին մասնակից ևս երկու անձին հայտնաբերելու ուղղությամբ:

Ձերբակալվածները ներկայացվել են նախաքննական մարմին: Նրանց խուզարկություններով հայտնաբերվել են գողոն հանդիսացող իրեր` պլանշետներ, բջջային հեռախոսներ և գումար։

Ձեռնարկվում են միջոցներ` դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: