«Այո, ես քննադատել եմ ֆեդերացիային։ Չեմ զղջում։ Բարձրաձայնել եմ սխալները, որը հիմա էլ եմ տեսնում, ասում։ Բայց ես երբեք չեմ ասել՝ հավաքականը չեմ մարզի»,- Հանրային հեռուստատեսությամբ Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում հայտարարել է Ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ Եղիշե Մելիքյանը՝ անդրադառնալով ՀՖՖ-ի հասցեին իր հնչեցած քննադատություններին։
Նրա խոսքով, Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական փուլի խաղերից առաջ երբ ստացել է հրավերը, մեծ սիրով է ընդունել։ Պայմանագիրը երկարաժամկետ է։
«Առաջին հերթին դա իմ երազանքն է, երկրորդ, ես պատրաստ եմ վերցնել այդ բեռը, մտնել այդ դժվարությունների մեջ, լուծել խնդիրները։ Ես չեմ գնացել ֆեդերացիա աշխատելու, ես գնացել եմ հավաքական աշխատելու։ Իմ աշխատանքի վայրը հանդերձարանն է»,-ասել է մարզիչը։
Նրա խոսքով, ՀՖՖ ղեկավարության հետ դեռ չի հասցրել խոսել խնդիրների մասին։
«Անպայման մենք կգտնենք այդ ժամանակը. ֆեդերացիայի նախագահի, փոխնախագահի հետ նստել կլոր սեղանի շուրջ, խոսել, ասել ամեն ինչ, ինչի մասին խոսել եմ հեռվից, հիմա կասեմ մոտիկից։ Մենք խոսելու բաներ ունենք։ Բայց ինձ համար ավելի կարևոր էր իմ հավաքականը, հանդերձարանը, որը ես ներսից տեսա»,-նշել է Մելիքյանը։
Նրա խոսքով, այս պահին իր առաջ նպատակ է դրել կարգավորել մթնոլորտը, թիմային ոգին բարձրացնել, տալ հավատ, դնել նվիրվածություն։
«Ֆուտբոլիստները պետք է հասկանան՝ ինչ է նշանակում կլուբում աշխատել ու հավաքական գալ, նվիրվել։ Երեկ ես տղաներին ասեցի, տղեք, ցտեսություն, գնացեք աշխատանքի։ Դուք այստեղ չէիք աշխատում, դուք այստեղ ապրեցիք մեր ազգի հետ միասին։ Այս հաղթանակում, պայքարում դուք ապրեցիք»,-ասել է մարզիչը։