ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն, քննչական կոմիտեն հարցաքննել է Մերձավանի նախկին գյուղապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի եղբորը, Փարաքարի ավագանու ՔՊ-ական անդամ Դավիթ Ախտոյանին։
ArmLur.am-ին հասած տեղեկություններով՝ իրավապահները փորձել են պարզել Ախտոյան եղբայրների հնարավոր կապը Վալոդյա Գրիգորյանի սպանության պատվերի հետ։ Ավելին, նախաքննական մարմինը պարզել է, որ սպանությունից մոտ տաս օր առաջ հենց ՔՊ-ական նախկին գյուղապետ Մհեր Ախտոյանն անձամբ օդանավակայան է տարել և ճանապարհել սպանության գործով կալանավորված Գևորգ Հարությունյանին։ Սակայն այսքանով ամեն ինչ չի ավարտվում։
ArmLur.am-ի իրավապահ աղբյուրների փոխանցմամբ, Մերձավանի նախկին ղեկավար Մհեր Ախտոյանի եղբայրը, ավագանու ՔՊ խմբակցության անդամ Դավիթ Ախտոյանը պարբերաբար զանգահարել է իրավապահներին և խնդրել ապահովել իրենց անվտանգությունը։ Նրա պնդմամբ՝ այն ուժերը, որոնք Վալոդյա Գրիգորյանի սպանությունից հետո հսկում են իրենց տունն ու շարժը, բավարար չեն, ուստի պետք է ուժեղացնել ոստիկանության ներկայությունը։
Հիշեցնենք, որ ArmLur.am-ը արդեն գրել էր՝ սեպտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը Փարաքար խոշորացված համայնքում տեղի ունեցած կրակոցները չեն սահմանափակվելու միայն մեկ քրեական գործով։ Տեղի ունեցածը երկար պատմություն ունի․ ArmLur.am-ը բազմիցս անդրադարձել է Ախտոյանների և Գրիգորյանների հակասություններին, որոնք տարիներ շարունակ վերածվել են բախումների՝ հատկապես ընտրական գործընթացների ժամանակ։ Ժամանակի ընթացքում նրանց թշնամությունը միայն խորացել է՝ հասնելով իր գագաթնակետին։
Հիշեցնենք նաև, որ Մհեր Ախտոյանը Մերձավանի նախկին գյուղապետն է, ՔՊ-ական, իսկ եղբայրը՝ Դավիթ Աղթոյանը, «Քաղաքացիական պայմանագրի» ավագանու անդամ։ Այս տարվա փետրվարի 5-ին Մհեր Ախտոյանի տան պատուհանի տակ արձանագրված միջադեպը ևս կապված էր նույն լարվածության հետ։ Ախտոյանը դեպքերի ընթացքին հետևել էր տեսախցիկներով՝ անգամ նկարելով կատարվողը, թե ինչպես էին իր և Գրիգորյանի կողմնակիցները միմյանց ծեծում։ Այդ միջադեպի հետևանքով սպանվեց Աղթոյանի հորաքրոջ որդին՝ 29-ամյա Գրիգոր Օհանյանը, իսկ մեղադրյալի աթոռին հայտնվեցին միանգամից 14 անձինք։
ArmLur.am-ի իրավապահ աղբյուրների փոխանցմամբ` Մհեր Ախտոյանը արդեն ավելի քան տասը օր է՝ երկրում չէ։ Չնայած Մերձավանում ակտիվորեն շրջանառվում են խոսակցություններ, թե հենց ՔՊ-ական Մհեր Ախտոյանը կարող էր լինել Վալոդյա Գրիգորյանի սպանության ենթադրյալ պատվիրատուն, քանի որ նա է իր շրջապատում մշտապես «տաք պահել» վրեժի թեման։ Սակայն իրավապահների համար այս պահին դժվար է անմիջապես գործել, քանի որ Ախտոյանը Հայաստանում չէ։ Եթե ամփոփենք՝ բախումները, ըստ էության, տեղի են ունենում երկու քաղաքականացված խմբավորումների միջև։ Մհեր Ախտոյանը ներկայացնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, իսկ Վալոդյա Գրիգորյանը առաջադրված էր «Ապրելու երկիր» և «Հաղթանակ» կուսակցությունների կողմից՝ ներկայացնելով ընդդիմադիր դաշտը։ Սա վենդետային տալիս է ակնհայտ քաղաքական հնչեղություն և նշանակություն, որի մասին այսօր խոսել էր «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը: