Օգոստոսի 31-ի երեկոյան Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնում ստացվել է տեղեկություն, որ Չարենցավան քաղաքի 8-րդ թաղամասի մի բնակիչ վիճաբանում է տան անդամների հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:
Տեղեկությունը ստուգելու նպատակով օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր: Իրավապահները թակել են բնակարանի դուռը: 49-ամյա տղամարդը դռան հետևից հայտնել է, որ սպանել է մորը։
Մեկնել են նաև Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողներ: Պարզվել է, որ ժամը 20.30-ի սահմաններում 49-ամյա տղամարդը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ արդուկով և թեյամանով հարվածներ է հասցրել մոր՝ 68-ամյա Սուսաննա Հ.-ի գլխին, ապա` կոշիկի քուղը փաթաթելով նրա պարանոցին՝ սպանել։
Տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Չարենցավանի բաժին, ապա, կազմված փաստաթղթերի հետ միասին, ներկայացվել Չարենցավանի քննչական բաժին։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: