Shamshyan.com-ը գրում է․
ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանի առջև խիստ պահանջ են դրել, որ Պարեկային ծառայությունը պետք է պայքար տանի նաև այն ծնողների դեմ, ովքեր տրանսպորտային միջոցը վստահում են անչափահասներին:
Երեկ՝ մայիսի 30-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի, վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանի գլխավորությամբ «Հաղթանակ» թաղամասում՝ ժողովրդին ավելի հայտնի 4-րդ գյուղում ծառայություն կատարելիս նկատում են, որ «BMW X5» մակնիշի ավտոմեքենան վարում է անչափահաս:
Տեղում վաշտի հրամանատարի գլխավորությամբ պարեկները հասցնում են մոտենալ «BMW X5»-ին և ձայնային ազդանշաններով կանգնեցնում են այն ու տեղում պարզվում է, որ վարորդը անչափահաս է:
Ավտոմեքենան Գ. Վարոսյանի ուղեկցությամբ տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի պահպանվող հատուկ տարածք:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ 13-ամյա տղան, իսկ ավտոմեքենայում են եղել հայրը, մայրը, տատը և ևս 2 անչափահաս:
Հայրը՝ Երևանի բնակիչ 34-ամյա Գևորգ Խ.-ն պարեկներին փորձում էր համոզել, որպեսզի ավտոմեքենան չտանեն «պլաշչադկա» և նա ենթարկվում է սթափության փորձաքննության, պարզվում է, որ եղել է ոչ սթափ:
Կարելի է պնդել, որ պարեկների աշխատանքի շնորհիվ Երևանում կանխվել է մի ամբողջ ընտանիքի մասնակցությամբ հնարավոր ավտովթարը, քանի որ եղել են դեպքեր, երբ ավտոմեքենան անչափահաս է վարել ու մասնակցություն է ունեցել ավտովթարին:
Անչափահասի մասնակցությամբ վերջին դեպքը տեղի էր ունեցել Գեղարքունիքի մարզում, ով «Նիվա»-ով վրաերթի է ենթարկել հետիտնին, ապա դիմել փախուստի, իսկ հետիոտնը տեղում մահացել էր: