Իտալահայ քանդակագործ Վիգեն Ավետիսը Վաշինգտոնում կնքված հռչակագիրը մեծագույն հաղթանակ է համարում Հայաստանի և հայ ժողովրդի համար, քանի որ ըստ նրա՝ ամեն առավոտ փառք է տվել Աստծուն, որ այդ օրն էլ չի սկսել պատերազմը:
Վերջինս ընդգծում է՝ Միացյալ Նահանգները մեծ դերակատարում ունի այս ամենում, իսկ Ռուսաստանին ձեռնտու էր պատերազմը:
Միաժամանակ նա շեշտում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեր եղավ իր խոսքին, որ պատերազմ չի լինելու:
«Ամսի 8-ին ծնվեց Հայաստանի Հանրապետությունը, իսկ մինչ այդ եղել է մարգինալ պետություն, որին ոչ մեկը լուրջ չի ընդունել: Ամբողջ աշխարհը ընդունեց, որ կա ՀՀ-ն և նրա սահմանները: Այլևս չենք ցեղասպանվելու: Աշխարհը ընդունեց, որ հայկական պետություն կարող է լինել: Այս ամենին դեմ գնացողները, քննադատողները ՌԴ-ից հրամաններ են ստանում և կատարում, որպեսզի խժդժություններ առաջացնեն: Այդ մարդիկ ուզում են կցորդ մնալ ՌԴ-ին»,- նկատում է նա:
Զրուցակցի նկատառմամբ՝ անգամ Հռոմի պապը ողջունեց այս ամենը, իսկ Գարեգին Բ-ն՝ ոչ. «Նա պրոռուսական ուղղվածություն ունի: Ժողովուրդը պետք է սրանց նայի որպես ինչ-որ մեկի աշխատողի»:
Խոսելով կոմունիկացիաների ապաշրջափակման մասին՝ Վիգեն Ավետիսն ասում է՝ բացվող ճանապարհը ամբողջ աշխարհի համար է, որը մեծ գումարներ է բերելու ՀՀ:
Ինչ վերաբերում է ռազմագերիներին, նրա համոզմամբ՝ իշխանությունը բոլոր միջոցներն օգտագործում է ռազմագերիներին վերադարձնելու համար. «Գերիների ազատումը կլինի նշան, որ Ադրբեջանն իրոք ուզում է խաղաղություն, և դա աշխարհը լավ կընդունի, մենք էլ շնորհակալություն կհայտնենք»:
Անդրադառնալով առաջիկայում սպասվող Թրամփ-Պուտին հանդիպմանը՝ զրուցակիցը նկատում է՝ այդ հանդիպման ժամանակ Թրամփը Պուտինին ևս մեկ անգամ կասի՝ «չպետք է ինձ խանգարես, էս ամեն ինչը ես վերցրել եմ ինձ վրա»: