Հարևան Ադրբեջանում կալանավորված հայ քրիստոնյա բարերարի որդին հայտարարել է, որ «մեզնից ոչ ոք ապահով չէ»՝ նշելով, որ իր հայրը «էթնիկ զտման» զոհ է։
Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկին՝ Ռուբեն Վարդանյանին, առաջադրել են 42 մեղադրանք: Նրա որդու՝ Դավիթի, բնութագրմամբ դա «կեղծ դատավարություն» է՝ «դատավարականմի շարք խախտումներով»։
Ռուբենը միջազգային ուշադրության կենտրոնում էր հայտնվել, երբ հիմնել էր «Ավրորա» մարդասիրական մրցանակը։ Ռուբենի որդի Դավիթը GB News-ին պատմել է, որ իր հայրն այսօր ապօրինի կալանքի տակ է Ադրբեջանում։
Դավիթը քննադատում է միջազգային լրատվամիջոցներին իր հոր պես դեպքերի վրա «աչք փակելու» համար։
Նա ասում է․ «Մենք նրա կալանավորման մասին իմացանք սոցցանցերից՝ 2023 թվականի սեպտեմբերի 27-ին, ինչը շատ նպատակային քայլ էր Ադրբեջանի կառավարության կողմից՝ յուրաքանչյուր հայ քրիստոնյային ցույց տալով, որ մեզնից ոչ ոք ապահով չէ»։
GB News-ն անդրադառնալով Ռուբեն Վարդանյանի ապօրինի ձերբակալությանը նշում է․ «Ռուբենը ձերբակալվել է Հայաստանի Լեռնային Ղարաբաղի անկլավում, որտեղից 120,000 մարդ վտարվեց 2023 թվականի հարկադիր տեղահանման ժամանակ, որը Դավիթը անվանեց «էթիկական զտում», որի ընթացքում եկեղեցիներն ու այլ քրիստոնեական վայրերը ոչնչացվում են »։
«Նա հեռանում էր քաղաքացիական բնակչության արտագաղթի շրջանակներում, և նրան ձերբակալել են սահմանային անցակետում։ Այդ ժամանակից ի վեր նա կալանավորվել է որպես քաղաքական այլախոհ»,-ասել է Դավիթը։
«Հայրս մի քանի անգամ նշել է, որ չի ցանկանում բողոքել պահման պայմաններից, քանի որ դա կշեղի ուշադրությունն ամբողջ գործընթացի ապօրինի լինելուց։ Մենք շաբաթական առավելագույնը մեկ-երկու անգամ կարողանում ենք նրա հետ մեկ-երկու րոպեանոց զանգեր ունենալ, բայց ոչ՝ պարբերական։
Նախկինում նրա հետ խոսում էինք Կարմիր խաչի միջոցով։ Սակայն վերջերս հայտարարվեց, որ այդ երկրում Կարմիր խաչի գրասենյակը փակվում է։
«Իմ դուստրը ծնվել է նրա կալանքի ժամանակ, ուստի մենք հույս ունենք, որ նա մոտ ապագայում կկարողանա հանդիպել նրան։ Բայց նա պապիկ դարձավ՝ չկարողանալով տեսնել իր թոռնիկին, ինչը, ակնհայտորեն, մեզ համար բավականին տխուր է, բայց մենք հույս ունենք, որ ապագայում ամեն ինչ կփոխվի»։
Փաստաբան Ջարեդ Գենսերը GB News-ին Վաշինգտոնից հայտնել է, որ Ռուբենին զրկել են Աստվածաշնչից օգտվելու հնարավորությունից։ «Սա հակասում է Ադրբեջանի ներկայացրած թեզին, թե այս հակամարտությունը կապ չունի նրանց քրիստոնյա լինելու փաստի հետ, և թե այն տարածքների ապօրինի գրավման մասին է», - ասում է նա։
Գենսերը նաև քննադատում է համաշխարհային լրատվամիջոցներին՝ նշելով, որ կենտրոնացած լինելով Գազայի և Ուկրաինայի պատերազմների վրա՝ «անտեսվում» է տարածաշրջանի քրիստոնյաների ծանր վիճակը։ Նա հավելում է. «Կովկասում տեղի ունեցած էթնիկ այս զտումը չի արժանացել համաշխարհային մեծ ուշադրության»։
Միաժամանակ նա հույս է հայտնում, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը կարևորել է հայ քրիստոնյաների ազատությանն ուղղված ջանքերը, քայլեր կձեռնարկի այդ ուղղությամբ, մինչդեռ Ադրբեջանի ներկայիս նախագահ Իլհամ Ալիևը «հետաքրքրված չէ» խաղաղությամբ։
Գենսերը հավելել է. «2023 թվականի հոկտեմբերին, երբ Թրամփը կրկին առաջադրվեց նախագահի պաշտոնում, գրառում էր հրապարակել Truth սոցիալական ցանցում, որում կոնկրետ և միանշանակ ասվում էր, որ նա դատապարտում է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը որպես էթնիկ զտումներ»: Նա ուղիղ համեմատություն է անցկացրել Թրամփի եւ Բայդենի նախորդ վարչակազմի միջեւ, որտեղ, նրա խոսքով, դեմոկրատը «շատ կենտրոնացած է եղել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ համաձայնության հասնելուն»: Իրավաբան-իրավապաշտպանը նկարագրել է, թե ինչպես «Ռուբենի և մյուս բանտարկյալների շահերը պաշտպանելիս իրենց առջև ծառացած խնդիրն այն էր, որ կողմերից ոչ մեկը՝ ոչ Ադրբեջանը, ոչ Հայաստանը, չէին ցանկանում առաջնահերթություն տալ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածին կամ իրենց բանտարկյալների ազատ արձակմանը»։
Ալիևը որևէ քայլ ձեռնարկելու ոչ մի շահագրգռություն չունի, քանի որ այս ամենը նրա համար տարածաշրջանի էթնիկ զտման ուղղությամբ տասնամյակների ջանքերի արդյունք է»։