Արցախի Հանրապետության նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը Փաշինյանի կառավարության կողմից Արցախը չպաշտպանելը եւ հանձնելը, Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման պատասխանատվությունը փորձում է դնել Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացիների, ընտրողների վրա: «Արցախի հարցը փակելը, Մինսկի խմբի լուծարումը, Արցախն Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս ճանաչելը, այդ ամենն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից տրված մանդատի շրջանակներում»,- երեկ Եռաբլուրում «Արցախի կանչ» հուշարձանի բացման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է Շահրամանյանը: Նրա տրամաբանությամբ՝ եթե 2021 թվականին ՀՀ ընտրողները Փաշինյանի գլխավորած ՔՊ-ին ձայն տված չլինեին, նա իշխանություն չէր ունենա եւ զրկված կլիներ վերոնշյալ եւ բազմաթիվ այլ հակահայկական գործողություններ իրականացնելուց: Իհարկե, այդ հարցում Շահրամանյանը ճիշտ է, եթե Փաշինյանը գոնե 2021 թվականի ընտրություններից հետո վարչապետ չլիներ, Հայաստանի եւ Արցախի ճակատագիրը կարող էր բոլորովին այլ կերպ դասավորվել: Բայց նույնիսկ Փաշինյանին ձայն տված քաղաքացիները նրան Արցախը հանձնելու մանդատ չեն տվել, ուղղակի Փաշինյանը, ինչպես իր ամբողջ կյանքում է միայն ստել եւ կեղծել, այս դեպքում եւս հավատարիմ է մնացել իր էությանը: Սամվել Շահրամանյանը, հավանաբար, չի կարդացել 2021 թվականի ՔՊ նախընտրական ծրագիրը:
Ահա թե ինչ եւ բազմաթիվ այլ խոստումներ ու ծրագրեր են գրված եղել 2021 թվականի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ՔՊ նախընտրական ծրագրում. «44-օրյա պատերազմի հետեւանքով Հայաստանի Հանրապետությունը եւ Արցախի Հանրապետությունը մեծ կորուստներ են կրել: Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության հազարավոր քաղաքացիներ զոհաբերել են իրենց կյանքը հանուն սեփական հայրենիքի եւ ժողովրդի անվտանգության ու բարօրության: Մենք ունեցել ենք նաեւ ահռելի տարածքային եւ նյութական կորուստներ: Սակայն մեր ժողովուրդը եւ բանակը գերմարդկային ջանքերի եւ հսկայական զոհողությունների գնով կարողացել են կանխել Արցախի ամբողջական հայաթափումը եւ արցախյան պետականության ոչնչացումը: Հայաստանի Հանրապետությունն արձանագրում է, որ Ադրբեջանի Հանրապետությունը՝ Թուրքիայի Հանրապետության եւ վարձկան ահաբեկիչների օժանդակությամբ եւ ուղղակի ներգրավվածությամբ, ուժի գործադրմամբ է փորձել լուծել Ղարաբաղյան հակամարտությունը՝ այդպիսով խախտելով ուժի կամ ուժի սպառնալիքի չօգտագործման միջազգային իրավական սկզբունքը։ Միջազգային իրավունքի ընձեռած բոլոր մեխանիզմներով հետամուտ ենք լինելու ագրեսիայի ընթացքում ռազմական հանցագործությունների եւ հանցագործների բացահայտմանը եւ պատասխանատվության ենթարկելուն։ Մոտակա տարիներին մեր գլխավոր խնդիրը պետք է լինի աղետալի պատերազմի հետեւանքների վերացումը, ինչպես նաեւ Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հակամարտության խաղաղ եւ համապարփակ կարգավորումը՝ հիմնված Արցախի ժողովրդի ինքնորոշման՝ առանց սահմանափակումների իրականացման վրա, որը բխում է Արցախի ժողովրդի գոյութենական վտանգներին դիմակայելու անհրաժեշտությունից։ Բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթություններից է լինելու այն տարածքների դեօկուպացիան, որի վրա ինքնորոշվել է Արցախի ժողովուրդը, նախեւառաջ՝ նախկին ԼՂԻՄ բնակավայրերի վերադարձն Արցախի վերահսկողության ներքո՝ խաղաղ, բանակցային ճանապարհով, ինչը հնարավորություն կտա տեղահանված անձանց վերադառնալ իրենց տները»:
Իսկ ի՞նչ արեց իրականում Փաշինյանն անցած չորս տարիների ընթացքում. նախ՝ բանակցությունների ժամանակ, որտեղ միջնորդ էին հանդես գալիս Ֆրանսիան եւ Եվրամիությունը, ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ Արցախը՝ որպես Ադրբեջանի անբաժան մաս: Եթե նախընտրական ծրագրում Ադրբեջանը եւ Թուրքիան ներկայացվում են որպես Հայաստանի դեմ ագրեսիա իրականացրած երկրներ, հետագայում սկսեց նվաստանալ այդ երկրների ղեկավարների առաջ, սիրաշահել նրանց եւ նրանցից գթասրտություն աղերսել: Չայած խոստացել էր պաշտպանել Արցախ բնակչությանը, ոչինչ չարեց շրջափակված Արցախի բնակչությանը շրջափակումից հանելու համար, իսկ երբ 2023 թվականին Ադրբեջանը ռազմական ագրեսիա նախաձեռնեց Արցախի դեմ՝ սպանելով նաեւ խաղաղ բնակչությանը, ձեռքերը լվաց Արցախի եւ նրա բնակչության անվտանգությունն ապահովելու խոստումից եւ պատասխանատվությունից ու հայտարարեց, թե թույլ չի տա, որ Հայաստանը ներքաշվի պատերազմի մեջ:
Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբին, տեսեք, թե ինչ է գրված նախընտրական ծրագրում դրա գործունեության մասին. «Արցախյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման համար առանցքային կարեւորություն ենք տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափի շրջանակներում բովանդակային բանակցությունների անցկացմանը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը հիմնախնդրի կարգավորման միակ ընդունված միջազգային ձեւաչափն է»: Չանցած 2 տարի՝ Փաշինյանը խոստացավ, որ Ադրբեջանի հետ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու համատեղ դիմում է ստորագրելու։
Սամվել Շահրամանյանը շատ լավ գիտի, որ նույնիսկ Փաշինյանին ձայն տվողները նրան ձայն չեն տվել Արցախը հանձնելու կամ թուրքերի առաջ կռանալու եւ Հայաստանը թուրքահպատակեցնելու համար: Երեւի Շահրամանյանը վախենում է ուղղակի ասել, որ Փաշինյանը դարձել է մի գործակատար, որը հանուն փողի եւ իր իշխանության պահպանման վաճառքի է հանել ինչպես Արցախը, այնպես էլ Հայաստանի ազգային եւ պետական շահերը: Հոգեբանորեն ապրելով տիրոջ եւ ծառայի հարաբերությունների տիրույթում, Փաշինյանը մտածել է, որ Հայաստանի նախկին տերը` Ռուսաստանը, չի ապահովել իր հիմնական գործառույթը` ծառայի անվտանգության երաշխավորումը, եւ ցուցաբերելով նախաձեռնություն ու հնարամտություն՝ հրաժարվել է նախորդ տիրոջից, գտնելով ավելի հուսալի եւ պատասխանատու տեր` հանձին Թուրքիայի: Արդեն գրեթե երեք տարի Փաշինյանը հնազանդորեն կատարում է նոր տիրոջ հրահանգները եւ համոզվում, որ ճիշտ ընտրություն է կատարել, այլեւս Հայաստանի դեմ հարձակումներ չկան, ինքը հանգիստ պաշտոնավարում է եւ փող աշխատում: Ճիշտ է` երկիրն անընդհատ փոքրանում է եւ տարածքներ է զիջում, բայց կարեւորը՝ որ դա տեղի է ունենում խաղաղության պայմաններում, ինքն էլ որեւէ բանի կարիք չունի, լավ է ապրում: