Այսօր՝ հունիսի 2-ի երեկոյան տեղի կունենա մայիսի 30-ին Հաղթանակ թաղամասում վրաերթի հետեւանքով մահացած կնոջ հոգեհանգստի արարողությունը։ NEWS.am֊ին վրաերթի հետևանքով մահացած 42֊ամյա Անի Խաչատրյանի ծանոթները պատմեցին, որ նա չորս երեխաների մայր էր, ունի երկու աղջիկ եւ երկու տղա։ Երեխաներից ավագը 18 տարեկան է, փոքրը Դանիելն է, որի հետ մայրը վրաերթի էր ենթարկվել, այժմ հիվանդանոցում է։
«Խանութից տուն գնալիս է դեպքը եղել։ Շատ օրինակելի ընտանիք են»,֊ ասաց մեր զրուցակիցը։
Նշենք, որ ըստ ՆԳՆ հաղորդագրության՝ մի խումբ մարդիկ վիճաբանել են շանը վրաերթի ենթարկելու հարցի վերաբերյալ, ապա նստել մեքենաները ու սկսել միմյանց հետապնդել։ Այդ ընթացքում մեքենաներից մեկը վրաերթի է ենթարկել մայթեզրով քայլող մոր ու որդու։ Մայրը Շտապօգնության մեքենայում մահացել է, 2-ամյա երեխեն տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Բժշկական կենտրոնից NEWS.am–ին հայտնել էին, որ տղան գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում, նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Ըստ լրատվամիջոցների՝ վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի՝ մեքենան թողնելով վթարի վայրում։