Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 14:40-ի սահմաններում Արմավիր քաղաքի Սահմանապահների փողոցում բախվել են «Lexus» մակնիշի ավտոմեքենան և «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսը։Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 9 հոգի, որից 3-ը անչափահասներ են, տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ են գործել «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը և օպերատիվորեն ժամանած ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ մարզային փրկարարական վարչության պետ Գևորգ Հակոբյանի և Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Ռոման Գրիգորյանի գլխավորությամբ։Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։
Բախման հետևանքով «Lexus»-ը կողաշրջվել է։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք։Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավոր երեխաներից 2-ին «Արմավիր» բժշկական կենտրոնում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել և նրանց տեղափում են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։