Այսօր՝ մայիսի 17-ին, խոշոր ավտովթար և առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։20-ի սահմաններում Երևանի բնակիչ 27-ամյա Էդգար Ղ․-ն իր վարած «BMW X6» մակնիշի ավտոմեքենայով Արամի փողոցի թիվ 27/1 շենքի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, մոտ 2,5 մետր բարձրությունից ընկել, կոտրել մի քանի ծառ, ապա կոտրել երկաթե ճաղավանդակներն ու կողաշրջված հայտնվել Արամի նրբանցքի թիվ 27/1 շենքի բակում։
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով Էդգար Ղ․-ն և ուղևոր, 23-ամյա Մուլեթ Ջեսիկան քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նրանց նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երբ պարեկներն ու փրկարարները քաղաքացիների օգնությամբ ավտոմեքենան դարձի են բերել, դրա միջից թափվել են կասկածելի փաթեթներ, որոնց մեջ եղել է թմրանյութի նմանվող զանգված։
Հայտնաբերված կասկածելի փաթեթների փաստով նշված քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Կենտրոնական բաժնի պահպանվող հատուկ տարածք։