news-details
Հասարակություն

Մանրամասներ՝ Մյասնիկյան պողոտայի սարսափելի ավտովթարից․ 4 վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա

Այսօր՝ մարտի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ Կենդանաբանական այգու մուտքի դիմաց, «Լադա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեելի գոտուց և բախվել էլեկտրասյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են 2-ը՝ «Հերացու անվան թիվ 1» համալասրանական հիվանդանոց, 2-ը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 11 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները՝ ջոկատի հրամանատար՝ Գևորգ Խաչատրյանի գլխավորությամբ։

Փրկարարները վիրավորներին ավտոմեքենայից դուրս բերելու համար օգտագործել են հատուկ տեխնիկա, ապա պատգարակներով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝գնդի հրամանատր Անդրանիկ Խաչատրյանի, գնդի հրամանատարի տեղակալ Արսեն Ստեփանյանի,  գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի և վաշտի հրամանատար Հայկ Արոյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Ազատ Խաչատրյանը և կրտսեր պարեկ Սևակ Առաքելյանը։

Վթարի մասին ՊԾ Երևանի քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Գրիգոր Ավետիսյանի, Արթուր Ադամյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի և վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևանի քաղաքի գնդի հատուկ պահպանվող տարածք։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։