news-details
Հասարակություն

«Մարդը մտել էր, որ փրկի մի բան, ինչի՞ եք տանում». հրդեհի վայրից ոստիկանները մի քաղաքացու էին բերման ենթարկել

Կոմիտաս 60/2 հասցեում գտնվող «Երևան Սիթիի» շենքում բռնկված հրդեհի վայրից ոստիկանները բերման էին ենթարկել մի երիտասարդի։ Քաղաքացիներից մեկը բացականչում էր, որ ինքն այդտեղի աշխատող է, բան չի արել, ինչի՞ են տանում։

«Մարդը մտել էր, որ փրկի մի բան, ինչի՞ եք տանում, արա»։

Ոստիկանները այս հարցադրումներին որեւէ կերպ չպատասխանեցին։

Նշենք, որ հրդեհը դեռ չի մարվել։ Շինության այդ հատվածում գտնվում են հանրային սննդի կետեր և այլ խանութներ։ Մարդկանց տարհանել են այրվող շինությունից։

Բազմաթիվ քաղաքացիներ են հավաքված այրվող շինության շրջակայքում։

Այս առնչությամբ ՆԳՆ փրկարար ծառայության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Նոյեմբերի 6-ին, ժամը 11։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի սննդի կետերից մեկում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։

Ավելի ուշ հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3 կանչ»․ դեպքի վայր Է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս վեց մարտական հաշվարկ և ԵՓՎ և ՓՈՒՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների հերթապահ խմբերը։

Հրդեհը բռնկվել է շինության տանիքում։