news-details
Հասարակություն

«Մայրն ասում էր՝ թող երեխաներս մոտս մնան». Հատուկ հանձնախումբը սպանված 3-ամյա Տիգրանի մոր հետ է զրուցել

Ծափաթաղից անհետ կորած և 7-օրյա որոնումներից հետո սպանված հայտնաբերված 3-ամյա Տիգրանի ընտանիքին առնչվող հարցերը, այդ թվում՝ երեխաների հետագա խնամքի կազմակերպման հարցը որոշելու նպատակով Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի նախաձեռնությամբ խնամակալության և հոգաբարձության մարմնի հրավիրած այսօրվա հրատապ նիստը դեռ չի ավարտվել:  Փորձագետները  Ծափաթաղում  են: Այդ մասին Aysor.am-ին ասաց Գեղարքունիքի մարզպետարանի Առողջապահության և սոցիալական հարցերի վարչության գլխավոր մասնագետ Մամիկոն Գալոյանը։

«Հիմա Ծափաթաղում ենք, մոր հետ ենք զրուցել: Քիչ անց երեխաների հետ կզրուցենք: Մորն ասացինք՝ ի՞նչ եք որոշել անել, ասում էր՝ չեմ ուզում տանեն, թող երեխաներս մոտս մնան: Չորս երեխա ունի: Մենք ասացինք՝ քո ցանկությունն է, դու ես որոշում, բայց այս պահին այդ երեխաները այս միջավայրում պետք չէ՝ մնան: Թող գնան՝ մեկ ամսով, տասը օրով, մեկ շաբաթով, բայց գնան: Հիմնականում կտանենք ՀՕՖ»,- ասաց Գալոյանը:

Նա հավելեց, թե երեխաների մայրը ադեկվատ էր, իրենց բոլոր հարցերին նորմալ պատասխանել ու արձագանքել է:

Գալոյանը սպանված 3 ամյա Տիգրանի մորից հետաքրքրվել է նաև ՝ երեխային սպանելու պատճառը ի՞նչը կարող էր լինել. կոնֆլիկտ, վեճ նախորդե՞լ է դեպքին։ Հստակ պատասխան չի ստացել։

«Չեմ իմանում, նախաքննություն է գնում: Շշմել ենք: Ճիշտ է, մի քիչ կենցաղավարություն չկա այդ տան մեջ, մի քիչ փնթի վիճակ է, բայց մանկապարտեզի, դպրոցի տնօրենները ասում են՝ միշտ հագած, կապած, կուշտ ու պատրաստված՝ երեխաները եկել են դպրոց, մանկապարտեզ: Էդ, ինչ նկարագրում են, չէ՞, սուտ է, իրենք կուշտ ընտանիք են»,- նշել է մարզպետարանի ներկայացուցիչ Գալոյանը։

Քննադատություններին, որ եթե սոցիալական աշխատողները ժամանակին աշխատեին ընտանիքի հետ, դեպքը տեղի չէր ունենա, Գալոյանն արձագանքեց.

«Իրենք պարբերաբար տուն այց են արել, բա ո՞նց: Էս ընտանքիը նպաստ է ստացել, կարիքի գնահատում են պարբերաբար արել»:

Նյութի աղբյուր՝ https://www.aysor.am/am/news/2025/11/04/%D5%8F%D5%AB%D5%A3%D6%80%D5%A1%D5%B6-%D4%BE%D5%A1%D6%83%D5%A1%D5%A9%D5%A1%D5%B2/2409015