Վարդաշենի 68ա և 66/1 հասցեներում գտնվող հանրակացարանների բնակիչներն այսօր՝ հուլիսի 11-ին կրկին բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով, որ ի վերջո գործադիրը լուծի իրենց խնդիրը. վթարային շենքերից բնակիչներին դուրս բերեն եւ ապահովեն բնակարաններով։
«Քաղաքապետարանը ուղարկում է՝ կառավարություն, կառավարությունը՝ քաղաքապետարան, ու այսպես տարիներ շարունակ։ Մենք էլ ի վիճակի չենք ապրելու այնտեղ, կոյուղաջրերը լցվում են մարդկանց տները, շենքերը։ Շենքերը ամեն վայրկյան փլուզման ենթակա են։ Արդեն մոտ 15 տարի է՝ այս հարցը լուծում չի ստանում։ Այս հարցը կարևոր հարց չէ, այլ հրատապ հարց է, որպեսզի խուսափենք վթարներից և ողբերգություններից»,- ասաց ակցիայի մասնակցող մի կին։
Ակցիայի մասնակիցները նշեցին, որ քաղաքապետարանից բազմիցս խոստացել են լուծել իրենց վթարային շենքերի խնդիրը։ Կառավարություննում էլ ամեն անգամ ընդունում են նրանց դիմումները, խոստանում, որ կզբաղվեն, բայց առայժմ որեւէ տեղաշարժ չկա։ Այսօր էլ ակցիայի մասնակիցներին կառավարությունից ներս են հրավիրել, կրկին վստահեցրել, որ իրենց խնդիրը քննարկվում է։
Վթարային շենքերում 182 ընտանիք է բնակվում, այդ թվում՝ երեխաներ, ծերեր, հաշմանդամներ։ Շատերը առողջական խրոնիկ հիվանդություններ են ձեռք բերել մշտական խոնավության պայմաններում ապրելու հետեւանքով։
Հիշեցնենք, որ դեռ քարոզարշավի ժամանակ Տիգրան Ավինյանը Վարդաշենի հանրակացարանի՝ 4-րդ աստիճանի վթարային 68ա և 66/1 շենքերի բնակիչներին խոստացել էր ընտրվելու դեպքում իրենց հարցը լուծել, վթարային շենքերից նրանց դուրս բերել եւ բնակարաններով ապահովել: Այս տարի գարնանը, բնակիչներին կառավարությունից հորդորել են սպասել, բայց այդպես էլ հարցին լուծում չի տրվել։