news-details
Հասարակություն

«Մոտակայքում գետ չկա»․ 3-ամյա երեխային դեռ որոնում են

Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղում անհետացած փոքրիկին դեռ չեն հայտնաբերել, որոնողական աշխատանքները շարունակվում են։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ով տեղում մասնակցում է որոնողական աշխատանքներին։

Մարզպետից հետաքրքրվեցինք՝ մոտակայքում գետ կա՞, ինչին մոտ երեխան հնարավոր է անզգուշաբար հայտնված լինի, ի պատասխան՝ Սարգսյանն ասաց՝ ոչ։

Ծափաթաղ համայնքի ղեկավար Դավիթ Գզողյանն էլ, իր հերթին, ասաց, որ որոնողական աշխատանքները ընթանում են․

«Ոստիկաններ, հրշեջ-փրկարարներ, ԱԱԾ աշխատակիցներ, պարեկներ, անգամ կամավորներ են եկել և մասնակցում են աշխատանքներին»։

Հիշեցնենք, որ երեկ ՆԳՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որ հոկտեմբերի 27-ին`ժամը 18:00-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել՝ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը ժամը 16:30-ի սահմաններում կորել է։

«ՆԳՆ Ոստիկանությունը և Փրկարար ծառայությունը ձեռնարկում են որոնողական ծավալուն աշխատանքներ։

Երեխայի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում են անմիջապես դիմել Ոստիկանության մոտակա բաժին, զանգահարել 1-02 կամ 911»,- ասված է հաղորդագրության մեջ: