news-details
Հասարակություն

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Մերձավանում տեղի ունեցած սպшնության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունից

Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ստացվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի՝ կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերված իրերի, մասնավորապես՝ հեռադիտակի մակերեսից և ուսակապիչից, կարմիր գույնի ձեռնոցներից անջատված ԴՆԹ-ները համընկնում են Գ.Հ.-ին բնորոշ գենետիկական բնութագրին: Այս մասին գրել է ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը:

Նշենք, որ սեպտեմբերի 23-ին Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։

Զոհվել է 2, վիրավորվել՝ 1 մարդ: Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն էր։

Հոկտեմբերի սկզբին իրավապահները հայտարարել էին միջադեպը բացահայտելու մասին։ Նարեկ Օհանյանին մեղադրանք է առաջադրվել սպանությանն օժանդակելու, իսկ Գևորգ Հարությունյանին՝ սպանության, սպանության փորձի և զենքի ապօրինի շրջանառության հոդվածներով։

Նարեկ Օհանյանը փետրվարի 5-ին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրն է, իսկ Գևորգ Հարությունյանը՝ Օհանյան եղբայրների ընկերը։