Սահմանը հատած երկու անչափահասներից մեկը Սյունիքի մարզի Արավուս գյուղից է, մյուսը` Տեղից: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Տեղ համայնքի «Ապրելու երկիր» խմբակցության ավագանու անդամ Արգամ Հովսեփյանը:
«Ստեղի 12-րդ դասարանը ավարտած երեխեք են, մի ամսից բանակ պիտի զորակոչվեն: Գիշերը 12-ից 1-ի կողմերը ձիերը նստել են, որ գնան անասուններին բերեն, դե սահմանը շատ մոտիկ է, էդպես մոլորվել են»,- մանրամասնեց Հովսեփյանը:
Հիշեցնենք՝ 24News-ը գրել էր, որ գիշերը Սյունիքի մարզի Արավուս գյուղի երկու բնակիչ անցել են հայ-ադրբեջանական շփման գիծն ու հայտնվել հակառակորդի տիրապետության տակ գտնվող տարածքում։ Ըստ մեր տեղեկությունների, նրանք փորձել են հետ բերել գիծը հատած անասուններին, սակայն իրենք են հայտնվել հակառակորդի տարածքում։
Քիչ անց ՀՀ ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց, հաստատելով մեր տեղեկատվությունը.
«Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում:
Ստացված տվյալների համաձայն՝ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչներ Կարեն Արմենի Ջհանգիրյանը (ծնված 27.06.2007թ.) և Անդրեյ Արմենի Գյագունցը (ծնված 13.01.2008թ.) 2025 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Արավուս գյուղի հարակից հատվածում՝ տեղանքում մոլորվելու հետևանքով հայտնվել են Ադրբեջանի տարածքում։
Ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ քաղաքացիների գտնվելու վայրը պարզելու և նրանց անվտանգ վերադարձն ապահովելու ուղղությամբ»,- ասված է գերատեսչության հայտարարությունում: