news-details
Հասարակություն

Սահմռկեցուցիչ դեպք՝ Գյումրիում. հոգեբուժական կենտրոնում հաշվառված որդին կյանքից զրկել է իր ծնողներին

Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, սպանություններ են տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզի քրեական վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Գյումրի քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցի տներից մեկում դիեր կան:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է Շիրակի մարզի քրեական ոստիկանության օպերատիվ խումբը՝ վարչության պետի պաշտոնակատար Արթուր Ֆիշյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքաիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Քիչ առաջ տեսանք, թե ինչպես ոստիկաններն ու պարեկները եկան, տունը շրջափակեցին, մի 10 րոպե անց՝ ի՞նչ էին ման գալիս՝ չգիտենք, մենակ էն տեսանք, որ Նարեկին բռնեցին, տարան, հետո իմացանք սարսափ հիշեցնող ֆիլմի մասին, թե ոնց է Նարեկը իր մեծահասակ ծնողներին սպանել՝ դանակի մի քանի հարվածներով:

Ճիշտն ասած՝ ցավալի դեպք է, բայց լավա՝ ոստիկանները շուտ եկան էդ հոգեկան խնդիրներ ունեցող Նարեկին տարան, վստահ ենք՝ եթե մի քիչ ուշանային, չէր բացառվում, որ նա կարող է էլի մարդկանց սպաներ: 7 տարի առաջ էլ է Նարեկը սպանության փորձ արել իր ծնողների նկատմամբ և երկար տարիներ հաշվառված է եղել հոգեբուժական կենտրոններից մեկում»:

Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: