news-details
Հասարակություն

Սելավատարից դուրս եկած ջուրը հեղեղել է Կապանի փողոցը. վնասվել են ավտոմեքենաներ, տուժել կենդանիներ

Մարտի 27-ի՝ ժամը 14։30-ի դրությամբ, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են Սյունիքի մարզում առատ տեղումների հետևանքների վերաբերյալ ահազանգեր։ 

Կապանի Գրիգոր Արզումանյան փողոցում սելավատարից դուրս եկած ջուրը լցվել է փողոց և Ողջի գետ, ինչի հետևանքով վնասվել են ավտոմեքենաներ, տուժել կենդանիներ։

Դեպքի վայրում աշխատանքներ են իրականացնում ՆԳՆ ՓԾ Կապանի և Քաջարանի հրշեջ-փրկարարական ջոկատները, ինչպես նաև համայնքապետարանի կոմունալ ծառայության աշխատակիցներ։ Անվտանգության նկատառումներից ելնելով` փողոցը ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կողմից փակվել է։

Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել։

«Հարգելի՛ քաղաքացիներ, հորդորում ենք հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը, խուճապի չմատնվել և անհրաժեշտության դեպքում զանգահարել ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն»,- գրել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։