Երեկ հայտնի դարձավ, որ Պարույր Սևակի քանդակը, որը քանդակել է ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լևոն Թոքմաջյանը, և տեղադրվել էր Զանգակատան միջնակարգ դպրոցի բակում, պետք է հեռացվի։
Քանդակի տեղադրումից հետո հանրության շրջանում մեծ աղմուկ բարձրացավ, այդ թվում՝ նաև Զանգակատուն համայնքում, շատերը սկսեցին քննադատել քանդակը: Դրանից հետո Զանգակատուն համայնքում հարցում է կատարվել բնակչության շրջանում, որի մեծ մասը կողմ է եղել, որ քանդակը հեռացվի։
«Համայնքի բնակիչների քվեարկության արդյունքներով՝ 79,9% և 20,1% տոկոսային հարաբերակցությամբ, որոշում է կայացվել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից հեռացնել վերոնշյալ քանդակը»,- նշված էր Պարույր Սևակի տուն-թանգարանի ֆեյսբուքյան էջում։
Զանգակատան միջնակարգ դպրոցի տնօրեն Հայկազն Ադամյանի խոսքով՝ արդեն քանի օր է՝ այդ քանդակի շուրջ մեծ աղմուկ է բարձրացել համացանցում և համացանցից դուրս։

«Սևակի խոսքը մեջբերեմ՝ «Անկեղծ ասած, այս ամենից ես հոգնել եմ»։ Ամբողջ հարցն այն է, որ մենք՝ որպես կրթության ոլորտի մարդ, պետք է հարցին այլ կերպ նայենք։ Այդ քանդակը՝ որպես աշխատանք, ստեղծագործություն, ընդունել ենք ինչպես որ կա՝ անկախ նրանից՝ նմա՞ն է, թե՞ նման չէ։ Լևոն Թոքմաջյանը ճանաչված քանդակագործ է, նրա այս ստեղծագործությունը մենք որպես նվեր ենք ընդունել, չէինք կարող չընդունել, նվերը չընդունեի՞ք, այսպես կլինե՞ր, չէ՛ր լինի։
Թանգարանի, համայնքապետարանի հետ խորհրդակցելով՝ ընդունել ենք։ Մի քանի օր է անցել, ու այս քննարկումները սկսվել են, չնայած մեզ մոտ դպրոցում առանձնապես որևէ քննարկում, քննադատություն չի եղել, ամեն ինչ եկավ, հասավ նրան, որ սա դարձավ համահայկական հարց»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Հայկազն Ադամյանը։

Ըստ նրա, անկախ այն հանգամանքից, այդ քանդակին քանդակագործի աչքերո՞վ են նայում, թե՞ ոչ, ընդհանուր համայնքը այդ քանդակը դիտում է որպես լուսանկար, որն այդքան էլ նման չէ Պարույր Սևակին։ Այս ամենն էլ հաշվի առնելով՝ հարց է դրվել քանդակը թողնելու-չթողնելու վերաբերյալ, որի համար էլ համայնքը քվեարկության միջոցով իր կարծիքն է ասել։
«Արդեն պարզ եղավ, որ արձանը, անկախ ամեն ինչից, պետք է հանվի։ Դժվար է ասել՝ արձանը տանելուց հետո ի՞նչ կդնենք տեղը, այնպիսի արձան պետք է դրվի, ինչպիսին Սևակը կա նկարում, այսօրվա մեր հանրությունը հենց սա է ուզում։ Ես էլ արվեստագետ չեմ, այս հարցին ճիշտ մոտեցում կցուցաբերեն քանդակագործները, դրա համար եմ ասում՝ մարդիկ արվեստագետի աչքով չեն նայում քանդակին, դրա համար նրանց սրտով չէ, ուստի պետք է դնենք այնպիսի քանդակ, որը կարտահայտի լուսանկարում եղած Պարույր Սևակին»,- շեշտեց Հայկազն Ադամյանը։
Նա նաև հավելեց՝ շատ կցանկանան այնպիսի քանդակ դրվի, որն ամբողջ համայնքի կողմից ընդունելի կլինի։
Նշենք, որ Լևոն Թոքմաջյանն օրերս լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել էր.
«Ախր ես գաղափարն եմ ստեղծագործել, ինքը նստած է և նայում է իր գերեզմանաքարին, կարծես կանխագուշակում է իր բախտը։ Հիմա այդտեղ ասել, թե արձանը Պարույր Սևակին նման չէ, քիթն ա մեծ, ձեռքն ա մեծ, դա ապուշություն է։ Իմ նպատակը չի եղել Պարույր Սևակի ֆիզիկական անձը ցույց տալը, այլ՝ նրա գաղափարը, հոգեկանը, ընդվզումը, պայքարը ժամանակի ու իրականության հետ։ Եթե իրենք չեն հասկանում, ես մեղք չունեմ»։