news-details
Հասարակություն

Սուտ է, ինձ ՔՊ ցանկ մտնելու առաջարկ չի եղել, ես քաղաքականությամբ չեմ զբաղվում. Նազիկ Ավդալյան

Դեկտեմբերի 8-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր ծանրամարտի Աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանին։ Այդ հանդիպումից հետո մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, որ Փաշինյանն առաջարկել է նրան դառնալ պատգամավորի թեկնածու՝ ներառելով նրան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում:

24News-ը կապ հաստատեց Նազիկ Ավդալյանի հետ, հասկանալու՝ արդյոք տեղեկություններն իրական են և նման առաջարկ ստացել է նա վարչապետից, թե՝ ոչ։

«Բոլոր կայքերն այդ լուրը տեղադրել են՝ առանց ինձ հետ համաձայնեցնելու ու իմացել են, որ այդ տեղեկությունը սուտ է։ Օդից կախված լուրեր է, միանշանակ սուտ տեղեկություններ են։ Նման բան չի եղել ընդհանրապես։ Լրիվ սուտ տեղեկություններ են։ Ես վարչապետի մոտ գնացել եմ ծրագրի շրջանակներում, որը կա պետական ռազմավարության մեջ, մարզերի զարգացման ծրագիրն է։ Նման առաջարկ չի եղել, նույնիսկ խոսակցություն չի եղել։ Ամեն ինչ անում ենք, որ որևէ բան չքաղաքականացվի, բայց մեր երկրում չի լինում»,-ասաց նա։

Ավդալյանն ընդգծեց, որ ոչ մի պարագայում քաղաքանությամբ զբաղվելու ցանկություն չունի։ Պարզապես ներկայացրել է մի ծրագիր, որը միտված է մարզերի զարգացմանը։

«Ոչ մի բիզնես կոմպոնենտ չկա։ Ես բիզնես անելու փոխարեն իմ ամբողջ կյանքն ու էներգիան դնելու եմ Հայաստանում սպորտի զարգացման մեջ։ Սա նաև կա պետական ռազավարության մեջ։ Իսկ ովքեր որ նեղվում են, որ ծրագիրը ներկայացրել եմ Նիկոլ Փաշինյանին, թող իրենք լինեին վարչապետ, իրենց ներկայացնեի։ Ես իմ գործունեությունն անում եմ իմ սպորտի ոլորտում, իմ խնդիրն է զարգացնել սպորտը, այդքան բան։ Կայքերն այդպիսի բաներ են գրում իրենց դիտողականության համար, եթե մտնեն իմ էջը, կտեսնեն, պարզ երևում է իմ գործունեությունը, բայց դե ում ինչ ձեռք տալիս է՝ խոսում են։ Ում հետաքրքիր է կմտնի, կնայի։ Ում չէ՝ ուղղակի ինչ-որ նկարի հետ կապված կխոսի։ Ես ներկայացրել եմ իմ ծրագիրը, որը միտված է սպորտի զարգացմանը։ Պարզ գրված է, ի՞նչ քաղաքականություն, ի՞նչ բան»,-եզրափակեց Նազիկ Ավդալյանը։