news-details
Հասարակություն

Ծեծկռտուք` Մերձավանում

MakaryanNews-ի տեղեկություններով` երեկ գիշերը ծեծկռտուք է տեղի ունեցել Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում: Ծեծկռտուքի մասնակից մի կողմը եղել են Փարաքարի սպանված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի մերձավորները, մյուս կողմը` նախկին գյուղապետ և ՔՊ-ական Մհեր Ախտոյանի կողմնակիցները, երկու կողմն էլ` երիտասարդներ: Ասացին` գյուղամիջում հանդիպել են, որ հաշիվներ պարզեն, հասցրել են իրար ծեծել, անգամ քարերով և այլ առարկաներով վնասել են Ախտոյանի կողմնակիցների մեքենաները, սակայն ոստիկանությանը հաջողվել է կանխել միջադեպը, որ արյունալի ընթացք չստանա:

 

 

Իմ տեղեկություններով` ծեծկռտուքի մասնակիցների մի մասը փախուստի է դիմել (ասացին` Վալոդյա Գրիգորյանի մերձավոր անձինք հիմնականում), բայց շուտով հնարավոր է` հայտնվեն և հանձնվեն: Հավանաբար բացատրական աշխատանքներ են տարվել իրավապահների կողմից:

 

ՆԳՆ-ից հաստատեցին իմ տեղեկությունը, որ վիճաբանություն է եղել նշածս անձանց կողմնակիցների միջև, որը ոստիկանությունը կարողացել է կանխել: 

 

Նշենք, որ Մհեր Ախտոյանը տևական ժամանակ է` երկրում չէ, նա դեռ Վալոդյա Գրիգորյանի և ոստիկանության օպերծառայող Կարեն Աբրահամյանի սպանությունից առաջ էր հասցրել լքել երկիրը: Ինձ ասացին` Մոլդովայում է ու դժվար էլ վերադառնա Հայաստան:

 

Գիշերվա միջադեպն էլ կապված է Վալոդյա Գրիգորյանի սպանության հետ, ըստ էության` վենդետտայի շարունակությունն է, քանզի երկու թևերի միջև այս սպանությունից հետո էլ ավելի է խորացել թշնամանքը: