news-details
Հասարակություն

Վաղարշապատում կատարված գողությունը բացահայտվեց. տուն գնելու պատրվակով այցելած անձինք կալանավորվել են

Տնից կատարված գողության վերաբերյալ ահազանգը ՆԳՆ ոստիկանություն ստացվել է հոկտեմբերի 5-ի ցերեկը: Մեկնել են Արմավիրի մարզի քրեական և Վաղարշապատի համայնքային ոստիկանները:

Ոստիկանության փոխանցմամբ, Վաղարշապատի բնակիչը հայտնել է, որ տունը վաճառում են, և այդ օրն էլ իբրև գնորդ իրենց այցելել են երկու տղամարդ և մեկ կին, շրջել տարածքում ու հեռացել: Դրանից հետո միայն տանտերերը նկատել են, որ միջանցքում դրված պայուսակից բացակայում է դրամապանակը, իսկ ննջարանի պահարանից` ոսկյա չորս զարդ:

Նախաձեռնվել է քրեական վարույթ, և իրավապահներն անցել են գործի: Համատեղ միջոցառումների ընթացքում ստացվել է հավաստի տեեկություն, որ որպես գնորդ ներկայացած անձինք երևանցի են, տղամարդիկ 46 և 31, կինը` 30 տարեկան:

Հոկտեմբերի 10-ին, դատարանի որոշմամբ, կալանավորվել է 46-ամյա երևանցին: Հոկտեմբերի 15-ին կալանավորվել է նաև 31-ամյա տղամարդը, և երկուսն էլ տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ: 30-ամյա կնոջ նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

«Հանցանքի մեխանիզմը ներկայացնելն ինքնանպատակ չէ. այսպես փորձում ենք նաև տեղեկացնել մեր քաղաքացիներին, որ նման վիճակում հայտնվելիս լինեն առավել զգոն»,-նշում են ոստիկանությունից։