Դեկտեմբերի 8-ին ՆԳՆ պաշտոնական հաղորդագրություն էր տարածել, որ դեկտեմբերի 6-ի գիշերը՝ ժամը 3:00-ի սահմաններում, Հարավարևմտյան Բ-2 թաղամասի շենքերից մեկի մոտ հայտնաբերել, թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 17-ամյա երկու աղջիկների:
Անձնական խուզարկությամբ նրանց մոտ հայտնաբերվել է 64 փաթեթ՝ ընդհանուր 61,19 գրամքաշով։
Պարզվել է, որ նրանք 16 փաթեթ արդեն տեղադրել էին Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում։ Կազմված փաստաթղթերը և ձեր բակալվածները ներկայացվել են նախաքննական մարմին։
Արդյունքում դիմեցինք ՀՀ քննչական կոմիտե հասկանալու համար ՝
1․ Ի՞նչ քրեական վարույթ է նախաձեռնվել։
2. Ի՞նչ մեղադրանք է առաջադրվել անչափահաս աղջիկներին։
3. Ի՞նչ խափանման միջոց է կիրառվել նրանց նկատմամբ։
4. Գործով այլ ձերբակալվածներ կամ կալանավորվածներ կա՞ն։
5. Արդյոք պարզել եք 64 փաթեթ թմրամիջոցը ո՞վ կամ ովքե՞ր են նրանց տրամադրել:
Ի պատասխան Կոմիտեից հայտնեցին, որ «2025 թվականի դեկտեմբերի 15-ի հարցման՝ հայտնում ենք, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում 2025 թվականի դեկտեմբերի 6-ին Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում 17-ամյա երկու անձանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, իսկ որպես համակցված խափանման միջոցներ ընտրվել են տնային կալանքը և բացակայելու արգելքը։ Նախաքննության տվյալ փուլում կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային այլ գործողություններ»: