 
                            Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:10-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի Փարպի բնակավայրի վարչական տարածքում դեպի Երևան ընթանալիս «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան բախվել է քարով բարձված «ԶԻԼ 130» մակնիշի ավտոմեքենային: 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Ֆորդ»-ի վարորդն ու ուղևորը, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտածի՝ օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը և ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ: 
 
Վթարի փաստով Ն. Կարապետյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունները: 
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Ֆորդ»-ի վարորդն ու ուղևորը, որոնց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանի ծնողներն են: