news-details
Քաղաքականություն

Այո՛, իմ հայտարարությունը պիտի քննվեր. Տեր Արամ

-Տեր Արամ, այսօրվա իրադարձությունների հետ կապված ենք ուզում Ձեր մեկնաբանությունները լսել, որովհետև Դանիել Իոաննիսյանը, որ դատախազություն էր ներկայացրել բողոք, պնդել է, որ դա Ձեր հարցազրույցի հիման վրա էր։ Ինչպե՞ս եք մեկնաբանում այսօրվա իրավիճակը։

-Անակնկալ էր ինձ համար առավոտյան, երբ լրատվամիջոցներից զանգ ստացա և իմացա, որ Արագածոտնի թեմում որոշակի իրավիճակ է ստեղծվել։ Ճիշտն ասած՝ հաճելի չէ տեսնել, թե ինչ է կատարվում հոգևորական ընկերներիդ հետ։ Բայց ես կուզենայի ավելի շատ խոսել ոչ թե կոնկրետ այս դեպքի, այլ եկեղեցու ընդհանուր խնդիրների մասին։ Երբ բարձրաձայնել էի այդ հարցերը, ես ակնկալում էի, որ այդ ընթացքում լուծումներ կառաջարկվեն։ Իմ նպատակը չէր որևէ մեկին քննադատելը կամ եկեղեցին պախարակելը։ Ես խոսել եմ, որովհետև սիրում եմ եկեղեցին և ուզում եմ, որ այն ունենա խաղաղություն և առողջություն։

-Այսինքն՝ Ձեր խոսքերը ուղղվա՞ծ էին բարեփոխմանը։

– Այո։ Մեր հասարակությունում հաճախ մտածում են՝ եթե ինչ-որ մեկը խոսում է խնդրի մասին, ուրեմն չի սիրում եկեղեցին։ Բայց ես հակառակն եմ կարծում։ Ես խոսել եմ հենց սիրուց դրդված՝ որպեսզի խնդիրները գտնեն իրենց լուծումները։ Որովհետև մարդը, ով չունի ներքին խաղաղություն, չի կարող արարել։ Իսկ ես պիտի ասեմ՝ մոտ մեկ տարի ու կես է, ինչ ես խաղաղությունս կորցրել եմ եկեղեցու ներսում՝ ոչ միայն որպես մարդ, այլ նաև որպես հոգևորական։

– Ձեր խոսքերից կարելի՞ է հասկանալ, որ եկեղեցական իշխանությունների վերաբերմունքը ձեր հանդեպ արդար չեք համարել։

– Այո։ Ես ակնկալում էի տարրական հարգանք և մարդկային վերաբերմունք։ Ես չեմ բարձրաձայնել մի բան, որը գոյություն չունի կամ հորինված է։ Ուղղակի ասել եմ ճշմարտությունը։ Ի դեպ, հիմնական քննադատությունները ոչ թե բովանդակությանն էին վերաբերում, այլ այն փաստին, որ ընդհանրապես խոսել եմ։ Բայց եթե ուզում ենք որևէ բան փոխել, պետք է առաջին հերթին խոսել։

-Շատերն ասում են՝ նման հարցերը պետք է ընտանիքի ներսում՝ եկեղեցու շրջանակում լուծել։ Դուք փորձե՞լ եք այդպես անել։

– Իհարկե։ Ես բախել եմ բոլոր հնարավոր դռները՝ եկեղեցական շրջանակներում, փորձելով ներսից լուծել հարցերը։ Բայց երբ բոլոր ջանքերն արդյունք չեն տալիս, լռելը նշանակում է պարզապես ընդունել անարդարությունը։ Եթե շարունակեի լռել, այդ լռությունը կհանգեցներ իմ քահանայական լռությանը։ Իսկ ես չեմ ուզում լռել, որովհետև հավատում եմ՝ այն շնորհները, որ Աստծուց եմ ստացել, պետք է ծառայեն մարդկանց։

– Այսինքն՝ Ձեր խոսելու որոշումը նաև հավատացյալների սպասումից է բխե՞լ։

– Այո։ Շատ մարդիկ, ովքեր մասնակցել են իմ քարոզներին, աղոթքներին, խնդրել են, որ չլռեմ։ Նրանք պատրաստ են իրենց աջակցությունը հայտնել ամեն պահի։ Եթե ես իսկապես ծանր հոգևոր հանցանք գործած լինեի, ինքնուրույն կլքեի եկեղեցին՝ առանց սպասելու կարգալույծ արվելու։ Բայց իմ դեպքում այդ մեղքերը այդպիսի բնույթ չեն ունեցել։

– Ինչո՞ւ հիմա որոշեցիք ավելի բարձր խոսել։

– Խաղաղությունը շատ կարևոր է։ Դրանից առաջ համեմատաբար խաղաղ էի, որովհետև փորձում էի ներողամիտ լինել։ Մեզ ճեմարանում սովորեցրել են խոնարհություն ու ներողամտություն։ Բայց խոնարհությունը իմաստ ունի միայն այն ժամանակ, երբ դիմացինդ գնահատում է այն։ Երբ ամիսներ, անգամ տարիներ շարունակ փորձում ես լինել խոնարհ, բայց դիմացինդ դա չի տեսնում, գալիս է պահ, որ պետք է խոսես։

-Իսկ Դուք կաթողիկոսի՞ հետ եք խոսել Ձեր հարցերի մասին։

-Այո։ Ես գնացել եմ ամենայն հայոց կաթողիկոսի մոտ, ներկայացրել եմ իմ հարցերը, և նա իր պատասխանն է տվել։