ՀՀ քննչական կոմիտեի Հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունից 590 հազար դոլար հափշտակելու դեպքով քննչական մտած, կերպարանափոխված դիմակ կրած անձը՝ էդգար Գրիգորյանը, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի օգնականի եղբայրն է։ Ավելին, նա որպես վկա հարցաքննվել է Սեյրան Օհանյանի դեմ հարուցված քրեական գործով։
Ինչպես հայտնի է՝ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդագիր է ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ միջնորդելով խորհրդարանին, թույլ տալ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի և նույն խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել:
Քրեական գործը վերաբերում է 2010-2015թթ.Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքում «Սևան» ազգային պարկին պատկանող 10,5 հազար քառակուսի մետր տարածքի ապօրինի յուրացմանը: Օհանյանը մեղադրվում է պաշտպանության նախարար եղած ժամանակ այդ տարածքը յուրացնելու և բյուջետային միջոցների հաշվին առանձնատուն կառուցելու մեջ։
Ըստ Գլխավոր դատախազության 2016 թվականի դեկտեմբերի 12-ին միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի կողմից անցկացվել է մրցույթ, որին, ըստ փաստաթղթերի, հայտեր և գործարար ծրագրեր են ներկայացրել Սեյրան Օհանյանի հետ փոխկապակցված անձինք՝ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելու ժամանակահատվածում Սեյրան Օհանյանի վարորդ հանդիսացած Արթուր Առաքելյանի մորաքրոջ որդին՝ Բենիամին Ղալեչյանը, և օգնական հանդիսացած Արթուր Գրիգորյանի եղբայրը՝ Էդգար Գրիգորյանը։
Իսկ ով է Էդգար Գրիգորյանը,Գլխավոր դատախազը ԱԺ ամբիոնից ուշագրավ բացահայտում է անում․
Պարզվում է Սեյրան Օհանյանի գործով անցնող էդգար Գրիգորյանը ռետինե դիմակով Քննչական կոմիտեի շենք մտած անձն է, որը այս պահին կալանավորված է։
Ինչ էր արել նա․
Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչն ու Ներքին գործերի նախարարության աշխատակիցը Հանրային հեռուստաընկերության լրատվական թողարկման ռեպորտաժում պատմում են դեպքի մանրամասները:
2025թ․ մայիսի 16-ին, բոլորի աչքի առաջ, Երևան քաղաքի բնակիչ Էդգար Գրիգորյանը մուտք է գործել Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության շենք, հանգիստ 11 րոպե պտտվել, դուրս եկել, գնացել տուն։ Այնուհետև նույն տարածք վերադարձել է 4 օր անց՝ մայիսի 20-ին։
2025թ․ մայիսի 20-ին Էդգար Գրիգորյանը տնից դուրս է եկել ոչ սովորական արտաքինով։ Դեմքը քողարկելու նպատակով կրել է ամիսներ առաջ list.am կայքի հայտարարություններից գնած ռետինե դիմակը, վրայից էլ՝ բժշկական դիմակ ու ակնոց։ Այնուհետև նստել է պատահական տաքսի և ուղևորվել Քննչական կոմիտեի մասնաշենք։
Էդգար Գրիգորյանը վստահ է եղել, որ անարգել մտնելու է ներս, և որևէ մեկն իրեն չի կանգնեցնելու, անձը չի ստուգելու։ Մինչ այդ Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության վարչություններից մեկի պետի պաշտոնակատար Գոռ Թադևոսյանը նրան պատմել է, որ իր ենթակա քննիչներից մեկի աշխատասենյակում դրված չհրկիզվող պահարանում պահվում է 590 000 դոլար։
Այնուհետև Գոռ Թադևոսյանը նրան տվել է քննիչներից մեկի անցաքարտի կրկնօրինակը, աշխատասենյակի և չհրկիզվող պահարանի բանալիները։ Համաձայնության գալով՝ որոշել են գողանալ գումարը։
Շենքի ներսում տեղադրված տեսախցիկներն արձանագրել են, թե ինչ ինքնավստահությամբ է Էդգար Գրիգորյանը 2025թ․ մայիսի 20-ին մտնում Քննչական կոմիտեի շենք։ Ծպտված արտաքինով մոտենում է վերելակին, սեղմում կոճակը, այնուհետև հագուստի ծայրով մաքրում մատնահետքերն ու ժամը 16։40-ին բարձրանում 6-րդ հարկ։
Արդեն վերևում տեղավորվում է միջանցքի բազմոցին ու համբերատար սպասում է մինչև աշխատանքային օրն ավարտվի։ Այդ ընթացքում բոլոր աշխատակիցները գնացել են տուն՝ անտարբերության մատնելով հյուրին։ Որևէ մեկի մտքով չի անցել հետաքրքրվել, թե միջանցքում ում է կամ ինչին է սպասում անծանոթ տղամարդը։
Նա այնքան պատրաստված է մուտք գործել քննչական մարմին, որ հետք չթողնելու նպատակով իր հետ տարա է վերցրել՝ բնական կարիքները հոգալու համար:
Տեսնելով, որ իրենով որևէ մեկը չի հետաքրքրվում, Էդգար Գրիգորյանը որոշել է գիշերը՝ ժամը 05։20 րոպեին, կրկնօրինակած բանալիով մտնել քննիչի աշխատասենյակ, բացել չհրկիզվող պահարանի դուռը, հանգիստ վերցնել գումարը ու սպասել լույսը բացվելուն։
Որպեսզի հետագայում չբացահայտվի պահարանը բանալիով բացելու հանգամանքը, Էդգար Գրիգորյանը նաև վնասել է պահարանի դուռը՝ ստեղծելով հարմարեցրած գործիքով բացելու պատրանք:
Իր հետևից մաքրել է պատերին ու դռներին թողած հետքերը, այնուհետև սպասել է մինչև լույսը բացվի: Շենքում 16 ժամ մնալուց հետո, նույն հանգստությամբ, տարածքից դուրս է եկել մինչև աշխատանքային օրվա սկսվելը՝ ժամը 08:20-ին:
Գրիգորյանը 590 000 դոլարը միանգամից տուն չի տարել։ Նախ, կրկնօրինակված բանալիները, ռետինե ու բժշկական դիմակները նետել է աղբամանը, տարբեր տաքսիներով շրջել է մի քանի մարզով, որից հետո վերադարձել է տուն։
Էդգար Գրիգորյանը հայտնաբերվել է դեպքից 3 օր անց՝ 2025թ. մայիսի 23-ին և տեղափոխվել Հակակոռուպցիոն կոմիտե։ Սակայն, մինչև ձերբակալվելը, Է. Գրիգորյանը գումարը բաժանել է մի քանի մասի և փոխանցել տարբեր անձանց։ Դրա մեծ մասը՝ 578 800 ԱՄՆ դոլարը, օպերատիվ գործողությունների արդյունքում հայտնաբերվել էր։