168.am-ն օրերս տեղեկացրել էր՝ հայկական ֆուտբոլի լեգենդ, ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի կենսագրական գիրքը պատրաստ է: Հենրիխ Մխիթարյանի կենսագրական գիրքը կրում է «Իմ կյանքը ուշադրության կենտրոնում» (La mia vita sempre al centro) խորագիրը, և գրվել է Ալեսանդրո Ալչիատոյի համահեղինակությամբ:
«Մեծ պատիվ էր Հենրիխին օգնել գրելու այս գիրքը, քանի որ ծանոթացա լավ մարդու, բարի, կրթված մի անձնավորության հետ: Նա բացվեց ու պատմեց իր պատմությունն ինձ: Գրքում շատ բան կա, շատ բան իր անձնական կյանքից` պատմություն իր հոր մասին, որին կորցրել է 7 տարեկանում, հայաստանյան առանց լույս ու առանց տաք ջրի կյանքի մասին»,-նշել է Ալչիատոն:

Գրքի մի քանի էմոցիոնալ և հետաքրքրական հատվածներ՝ հայերենով
«Երբ փոքր էր, մայրը հաճախ էր նրան խստությամբ մոտենում․
«Մի երեկո մայրս վերադարձավ աշխատանքից ու հարցրեց՝ տնայիններս արե՞լ եմ։ Ասացի՝ այո, բայց երբ ստուգեց, տեսավ՝ ոչ։ Պահեց արթուն մինչև կեսգիշեր, որ ավարտեմ և նույնիսկ մի քանի օր առաջ անցնեմ։ Այդ օրվանից սկսեցի լուրջ վերաբերվել ուսմանը։ Մինչ այդ դա պարտականություն էր, հետո՝ ցանկություն»:
Ի դեպ Մխիթարյանը ունի երկու բարձրագույն կրթություն։
«Դա պարտադիր էր անել։ Ֆուտբոլը հավերժ չէ, պետք է մտածել նաև այն մասին, թե ինչ անես դրանից հետո»:
Մխիթարյանը խոսում է հինգ լեզվով՝ հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն և իտալերեն.
«Դորտմունդում սովորեցի նաև գերմաներեն, բայց եթե չես օգտագործում՝ մոռանում ես։ Շատ եմ ափսոսում դրա համար»:
Հարցին՝ թե ինչ լեզվով է մտածում Հենրիխը պատասխանել է. «Այն լեզվով, որով տվյալ պահին խոսում եմ։ Երբեմն բառեր եմ մոռանում, բայց հաճելի է տարբեր ազգերի մարդկանց հետ շփվելը»:
Տանը խոսում են հայերեն.
«Կնոջս ու երեխաներիս հետ խոսում ենք հայերեն»:
Ընտանիքը և սերը.
Իզաբելլա Վարդանյանի մասին նա ասում է․ «Չեմ կարող վատ բաներ ասել՝ հետո կկարդա (ծիծաղում է)։ Շատ համբերատար է։ Սկզբից զգացի, որ նա է լինելու իմ կինը»:
Ինչպես են ծանոթացել.
«Մի ընկեր միշտ պատմում էր նրա մասին՝ ասում էր, որ պետք է հանդիպենք։ Ես այն ժամանակ Լոնդոնում էի խաղում և Հայաստան վերադառնում էի միայն արձակուրդներին։ Սկսեցինք գրել միմյանց սոցիալական ցանցերում, հետո հանդիպեցինք ու դա սեր էր առաջին հայացքից»:
Ամուսնությունը Վենետիկում.
«Ամուսնությունիցս առաջ կնոջս մորեղբայրը պատրաստեց անակնկալ՝ Ալ Բանոյի ելույթը։ Կարծում էինք փոքրիկ հարսանիք անել՝ միայն ընտանիքով ու մտերիմներով։ Հայաստանում դա անհնար էր՝ բոլորին են հրավիրում (ծիծաղում է)։ Ընտրությունը կանգ առավ Վենետիկի վրա՝ Սուրբ Ղազար կղզու վրա»։
Նա սիրում է իտալական երաժշտությունը՝ Բոչելլի, Պավարոտտի, Լաուրա Պաուզինի, Ալ Բանո, Տոտո Կուտունյո, Ռիչի և Պովերի.
«Իմ հարսանիքին եղել էին Ալ Բանոն և Մինո Ռայոլան՝ ով ինձ համար երկրորդ հայր էր»։
Որպես հայր.
«Փորձում եմ անել այն ամենը, ինչ հայրս հասցրեց անել յոթ տարվա ընթացքում և այն, ինչ երևի կաներ հետո։ Փորձում եմ միշտ կողքին լինել՝ խորհուրդ տալ։ Այսօր երեխաների մանկությունը բոլորովին այլ է՝ սոցիալական ցանցերը շատ բան են փոխել։ Փորձում եմ նրանց բացատրել, որ կարևոր է միասին խաղալը, ոչ թե էկրանի դիմաց ժամանակ անցկացնելը»։
Նա փոխանցո՞ւմ է որդուն ֆուտբոլի սերը.
«Համլետը խենթանում է գնդակի համար։ Բայց ինքը պետք է որոշի՝ ինչով զբաղվել»։
Հարցեր
Ինչպիսի՞ մարդ էր Մինո Ռայոլան.
«Երկրորդ հայր։ Միշտ մտածում էր իմ երջանկության մասին։ Ասում էր՝ եթե դու երջանիկ ես, ես էլ եմ երջանիկ։ Եթե ոչ՝ պետք է գտնենք թիմ, որտեղ նորից կժպտաս։ Շատերը նրան այլ կերպ են պատկերացնում, բայց ճանաչելուց հետո դառնում էր ընտանիքիդ անդամը»։
Ի՞նչ է իր համար Հայաստանը.
«Ես հպարտ եմ, որ հայ եմ։ Հայաստանը պատմությամբ հարուստ երկիր է՝ հրաշալի մարդկանցով և համեղ սննդով։ Երբ ինձ հարցնում են, սկսում եմ խոսել և չեմ կարողանում կանգ առնել»։
Մտածո՞ւմ է քաղաքականության մեջ մտնելու մասին.
«Դեռ ոչ։ Հիմա կենտրոնացած եմ ֆուտբոլի վրա։ Երբ ավարտեմ, առաջին հերթին ուզում եմ ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանիքիս հետ»։
Ո՞ր երկրին է ամենաշատը կապված.
«Իհա՛րկե, Հայաստանին։ Բայց բոլոր երկրներում էլ լավ եմ զգացել։ Եթե խոսենք, թե որտեղ ավելի արագ հարմարվեցի՝ Իտալիան է։ Այստեղ շատ բան կա, որ մեզ մոտ է՝ պատմություն, սեր, ընտանիք։ Սա արդեն իմ յոթերորդ տարին է այստեղ, մինչ այդ երբեք երեք-չորս տարուց երկար չեմ մնացել մի վայրում»։
Ինչ է իրեն համար ֆուտբոլը.
«Ամբողջ կյանքս։ Այն ինձ ուրախացնում է՝ ինչպես սկզբում, այնպես էլ հիմա»։
Մխիթարյանը՝ մարզիչների մասին.
Արսեն Վենգեր – խելացի։
Յուրգեն Կլոպ – խենթ, բայց դրական իմաստով։
Թոմաս Տուխել – ստրատեգ։
Պաուլո Ֆոնսեկա – ֆուտբոլի ուսուցիչ։
Ժոզե Մոուրինյո – հաղթող։
Սիմոնե Ինձագի – դև։
Կրիշտիան Քիվու – նոր եմ ճանաչում, բայց շատ խելացի մարդ է»։